Եթե ես չցանկանամ Չիլիում անգամ մեկ տերև չի շարժվի. բռնապետ Ավգուստո Պինոչետիի մասին

Հրապարակող՝

Եթե ես չցանկանամ Չիլիում անգամ մեկ տերև չի շարժվի. բռնապետ Ավգուստո Պինոչետիի մասին

Ամենադիտվածներ

Իշխանավարման տարիներին նա հաճախ նշում էր «Եթե ես չցանկանամ Չիլիում անգամ մեկ տերև չի շարժվի»: Նկարում պատկերված է Հարավային Ամերիկայի ամենասարսափելի բռնապետերից մեկը՝ Ավգուստո Պինոչետը: Չիլիի ռազմական բռնապետ գեներալ Պինոչետը ծնվել է 1915թ. նոյեմբերի 25-ին չիլիական Վալպարասիոյում: Տասնյոթ տարեկան հասակում Պինոչետը սկսել է ռազմական արվեստով զբաղվել: 1930-ականներին նա արդեն իսկ սպայական կոչումներ ուներ:

Հարկ է նշել, որ Պինոչետը Երրորդ Ռեյխի և անձամբ Ֆյուրերի մեծ երկրպագուն էր և ընդունում էր բռնապետական կառավարման կոնցեպցիան: 1948թ. Պինոչետն ընդունվեց հետևակային ակադեմիա, որը հիմնադրվել էր գերմանացիների հետ համագործակցության արդյունքում: Ավարտելով ուսումն ակադեմիայում, Պինոչետը ծառայության անցավ չիլիական բանակում: 1956թ. նա ուղևորվեց Էկվադոր: Մեկ տարի անց նա վերադարձավ Չիլի և շարունակեց ծառայությունը: 1968թ. Պինոչետը ստացավ գեներալի կոչում, ինչպես նաև դարձավ Տագարասա նահանգի նահանգապետ: 1970թ. աշնանը Չիլիում ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանության եկավ Սալվադոր Ալյենդեն: Պինոչետը, ով Ալյենդեի վաղեմի ընկերն էր, նոր իշխանության մեջ բարձր ռազմական պաշտոններ սկսեց զբաղեցնել: Մասնավորապես, 1972թ. նա ցամաքային զորքերի հրամանատարն էր:

Մեկ տարի անց Պինոչետը կարողացավ իր պաշտոնից հեռացնել բանակի հրամանատար Կառլ Պրատսին: Հետագայում Պրատսն իր հուշերում գրում էր, որ իր հեռանալը ռազմական հեղաշրջման նախօրյակին դավաճանական քայլ էր: Ալյենդեի քաղաքականության հետևանքով չիլիական տնտեսությունը կրախի եզրին հայտնվեց: Իրավիճակից անմիջապես օգտվեցին զինվորականները: 1973թ. ամռանը տեղի ունեցավ պուտչի առաջին փորձը, երբ տանկերը գնդակոծեցին նախագահական նստավայրը: Այն, սակայն, անհաջողությամբ պսակվեց: 1973թ. սեպտեմբերի 11-ին գեներալ Պինոչետը ռազմական հեղաշրջում կազմակերպեց: Այդ օրն առավոտյան չիլիական զինվորական կորպուսների ռադիոկապերում լսվեց հետևյալ արտահայտությունը. «Սանտիագոյում անձրև է տեղում»: Դա ռազմական հեղաշրջման մեկնարկի ազդանշանն էր: Ռազմական հեղաշրջմանը մասնակցել են տարբեր զինվորական ստորաբաժանումներ, գումարած օդուժը: Ռազմական հեղաշրջման արդյունքում «Լա Մոնեդա» նախագահական նստավայրում սպանվեց Այլենդեն, ով կտրականապես հրաժարվում էր հանձնվել:

Այսպիսով իշխանության եկավ Պինոչետը: Իշխանության գալուց հետո Պինոչետը հայտարարեց, որ երկիրը կարգի բերելուց հետո զինվորականությունը կվերադառնա զորանոցներ և երկիրը կրկին ժողովրդավարական ուղու վրա կդրվի: Իրականում, ինչպես զենքի ուժով իշխանության եկած ցանկացած բռնապետի պարագայում, այնպես էլ Պինոչետի դեպքում, այդ խոստումներն առաջին իսկ օրվանից հօդս ցնդեցին: Իշխանության առաջին իսկ օրերից Պինոչետը հայտարարեց «Ներքին պատերազմական» դրության մասին: Սկզբնական շրջանում բանտեր նետվեցին կամ ոչնչացվեցին ռազմական հեղաշրջումը չպաշտպանած զինվորականները: Նրանց թիվը հազարների էր հասնում: Այնուհետև բռնաճնշումների սկսեցին ենթարկվել քաղաքական ընդդիմադիրներն ու սովորական մարդիկ:

Մարդկանց գնդակարահում էին մայրաքաղաք Սանտիագոյի մարզադաշտում: 1974 թվականին Պինոչետն օրենք ընդունեց այն մասին, որ այդուհետ ինքն է իշխանության բարձրագույն կրողն ու օժտված է անսահմանափակ լիազորություններով: 1974թ. ստեղծվեց երկրի գաղտնի ոստիկանությունը, որի գործառույթը քաղաքական ընդդիմադիրների հայտնաբերումն և ոչնչացումն էր: Դա «DINA» կոչվող հատուկ ծառայությունն էր, որը Պինոչետի ռեժիմի հակառակորդներին կարողանում էր անգամ արտասահմանում ոչնչացնել: Տարբեր տվյալներով՝ գաղտնի ոստիկանության մեկուսարաններում տանջամահ էր արվել մինչև 30 հազար մարդ: Հետագայում իշխանափոխությունից հետո նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց որը ձգվեց երկար տարիներ: 2006թ. ռազմական բռնապետը մահացավ հիվանդանոցում:

Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան

https://www.facebook.com/david.fidanyan/posts/2420989897950270

Ամենաթարմ