fbpx
Իրավական

Ցածր քաղաքական մշակույթ, վերացական փաստեր. ՍԴ-ն չապացուցված է համարել 4 ուժերի պնդումները

«Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողները չեն հաղթահարել իրենց պահանջների համար հիմք ծառայող հանգամանքների ապացուցման համար անհրաժեշտ նվազագույն ապացուցողական շեմը»:

Սա «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների կողմից ՍԴ ներկայացված դիմումի մերժման հիմնավորումներից մեկն է, որ տեղ է գտել երեկ Բարձր դատարանի կողմից հրապարակված 87 էջանոց փաստաթղթում:

Ինչպես տեղեկացրել ենք, դատարանը մերժել է ներկայացված դիմումները, որոնցով պահանջվում էր անվավեր ճանաչել 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքները: Ներկայացված դիմումի մերժման վերաբերյալ իր որոշման մեջ մանրամասնորեն անդրադարձ է կատարվել ներկայացված փաստարկներին, հիմնավորվել, թե ինչով է պատճառաբանվում դրանց մերժումը:

Բարձր դատարանը նաեւ գնահատական է տվել քարոզարշավի ընթացքում տեղ գտած ատելության խոսքի դրսեւորումներին, մասնավորապես վարչապետի պաշտոնակատարի ելույթներում տեղ գտած որոշ բառերի եւ, ընդհանուր առմամբ, բոլոր ուժերի քաղաքական խոսքի մշակույթին:

Վարչապետի պաշտոնակատարի մասով

Անդրադառնալով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու լիազորության իրացման համար անհրաժեշտ պայմաններին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պետք է առկա լինի 2 պայմանի միաժամանակյա առկայություն՝ «ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող կամ պարբերական բնույթ» եւ «դրանց համադրումը վկայում է վերջիններիս միջեւ համակարգային այնպիսի փոխկապակցվածության մասին, որի պայմաններում խախտվում են Սահմանադրության 7-րդ հոդվածում ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքները (Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ-խմբ.)»:

Այս համատեքստում ՍԴ-ն առաջին հերթին անդրադարձել է դիմողների կողմից ներկայացված այն հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականից հետո վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում կարող էր պաշտոնավարել:

Մի շարք իրավանորմերի մեջբերումից հետո դատարանը եզրակացնում է. «Հաշվի առնելով վարչապետի նշանակմամբ գործադիր իշխանության բարձրագույն մարմնին՝ Կառավարությանը ժողովրդավարական լեգիտիմությամբ ապահովելու գործող սահմանադրական ընթացակարգերը՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Կառավարության հրաժարականից հետո մինչև նորանշանակ վարչապետի պաշտոնի ստանձնումը Կառավարության անդամների պաշտոնավարման շարունակականության սահմանադրական պահանջը վերաբերում է ոչ թե վարչապետից բացի Կառավարության մյուս անդամներին, այլ Կառավարության բոլոր անդամներին, ներառյալ՝ վարչապետի պաշտոնում նշանակված անձի պաշտոնավարմանը»:

«Հետեւաբար՝ սույն գործով դիմողների, երրորդ անձի («Քաղաքացիական պայմանագիր»-խմբ.) ներկայացրած փաստակազմի շրջանակում 2021 թվականի ապրիլի 25-ին վարչապետ Ն. Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո վարչապետի պաշտոնում պաշտոնավարումը համահունչ է սահմանադրական կարգավորումներին»,- ընդգծում է դատարանը։

Վարչական ռեսուրսի կիրառում

Հաջորդիվ Բարձր դատարանն անդրադարձել է ընտրությունների և դրան նախորդող ժամանակահատվածում վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ օգտագործման հարցին:

Դիմողների պնդմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և, մասնավորապես, վարչապետի պաշտոնակատարի կողմից նախընտրական քարոզչության մեկնարկից առաջ և ընթացքում, ինչպես նաև ընտրության օրը կիրառվել է վարչական ռեսուրս՝ այդպիսով ակնհայտ առավելություն ձեռք բերելով մյուս կուսակցությունների և դաշինքների նկատմամբ:

Դատարանն ընդգծել է, որ «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահումը կանխելու և դրան արձագանքելու վերաբերյալ» Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ՝ 2016 թվականին ընդունված համատեղ ուղեցույցը չի բացառում պաշտոնատար անձ թեկնածուների կողմից ընտրություններին մասնակցելու եւ քարոզչություն իրականացնելու հնարավորությունն աշխատանքային ժամերից դուրս եւ առանց վարչական ռեսուրսների չարաշահման։

ՍԴ-ն այս կապակցությամբ հիշատակել է վարչական դատարանի որոշումները, որոնցից մեկով, օրինակ, նշվում է՝ չի հաստատվել որևէ փաստ այն մասին, որ ոստիկանության ծառայողները ներգրավվել են «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվե ստանալու նպատակով: Ավելին, վարչական դատարանը փաստել է, որ հիմք չունի պնդելու, որ ՔՊ-ն պետական պահպանության մարմնի միջոցներն օգտագործել է ի շահ իր քաղաքական նպատակների, իսկ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին վերաբերող դրվագով հնարավոր չէ հաստատել, որ նա ներգրավված է նախընտրական քարոզչությանը՝ այդ պահին հանդես գալով ի պաշտոնե և իր դիրքն օգտագործելով ի շահ երրորդ անձի (ՔՊ-ի):

«Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ թեև սույն գործով ներկայացված առանձին փաստարկներ ըստ էության վկայում են վարչական ռեսուրսի ոչ իրավաչափ օգտագործման մասին, սակայն, որպես այդպիսին, դրանք կրում են դրվագային բնույթ: Ավելին, սույն գործով չի հիմնավորվում, որ վարչական ռեսուրսը Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն ունեցող ուժի կողմից օգտագործվել է կազմակերպված եղանակով և ունեցել զանգվածային բնույթ, ուստի՝ դրա օգտագործման համադրումը չի փաստում, որ այն որևէ կերպ ազդել է ընտրությունների արդյունքների վրա»,- ասվում է հրապարակված որոշման մեջ:

Ատելության խոսքն անդառնալի ազդեցություն չի ունեցել

 

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ