fbpx
Սպորտ

Մարտիրոսյանը հաղթել է Մամեդյարովին և դուրս եկել 4-րդ փուլ. Աշխարհի գավաթ

Հուլիսի 21-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ Սոչիում ընթացող շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունում հայ շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մամեդյարովին։

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը (2632) շարունակում է պայքարը Սոչիում ընթացող շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունում:

Հայաստանի հավաքականի 21-ամյա անդամը 3-րդ փուլում հաղթել է Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շահրիար Մամեդյարովին (2782), որը ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 6-րդ տեղը: Մարտիրոսյան-Մամեդյարով դասական 2 պարտիաներում գրանցվել է 1:1 հաշիվը, և հաղթողը որոշվել է թայ-բրեյքում, որի առաջին պարտիայում հայ գրոսմայստերն առավելության է հասել մրցակցի նկատմամբ, ապա ոչ-ոքի գրանցել և հաղթել 1,5:0,5 հաշվով:

ՖԻԴԵ-ի մամուլի ծառայության հետ զրույցում մեկնաբանելով հաղթանակը՝ Մարտիրոսյանը նշել է. «Մամեդյարովը բարձրակարգ շախմատիստ է, սակայն ես լավագույնս խաղացի և հաղթեցի առաջին պարտիայում: Երկրորդում բարդ էր սև խաղաքարերով հանդես գալը. մոտ էի ոչ-ոքիի, սակայն սխալներ թույլ տվեցի և պարտվեցի: Ի վերջո, հետո կրկին առավելության հասա»:

Խոսելով հուլիսի 22-ին կայանալիք 4-րդ փուլի՝ Խորվաթիայի ներկայացուցիչ Անտե Բրկիչի հետ հանդիպման մասին՝ Հայկ Մարտիրոսյանն արժանին է մատուցել վերջինիս. «Շատ ուժեղ մրցակից է, այնպես որ՝ հեշտ դիմակայություն չի լինելու: Այժմ հոգնած եմ, կհանգստանամ ու կտեսնենք, թե ինչ կստացվի»:

Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Էլինա Դանիելյանը, Հովհաննես Գաբուզյանը, Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը, դուրս են մնացել պայքարից, իսկ Լևոն Արոնյանն առողջական խնդիրների պատճառով է հրաժարվել մասնակցությունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ