fbpx
Իրավական

Ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրգործն ավարտվել է․ առաջադրվել է մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է գործընկերոջ առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 1983 թվականին ծնված տղամարդուն:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ընկերների հետ շինարարական աշխատանքներ իրականացնելով Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի դպրոցներից մեկում, միաժամանակ վերջիններիս հետ գիշերելով նույն դպրոցում, 2019թ. մայիսի 23-ին, ժամը 21.30-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում, աշխատանքային օրվա ավարտից հետո, ընթրել է իր հետ շինարարությունում աշխատող 1985 թվականին ծնված գործընկերոջ հետ, որի ընթացքում օգտագործել է ոգելիչ խմիչք: Ալկոհոլի ազդեցության տակ այնտեղ է հրավիրել այլ ընկերների, որը դուր չի եկել սեղանակցին: Այդ պատճառով վիճաբանություն է սկսվել վերջիններիս միջև, որի ընթացքում 36-ամյա տղամարդը բռունցքով, այնուհետև մետաղյա ամրանով հարվածել է 33-ամյա գործընկերոջ աջ աչքին՝ պատճառելով աչքի տեսողության կորուստ և հանգեցնելով այդ աչքի հեռացման: Հրավիրված ընկերների հետ լրացնելով միմյանց գործողությունները, շարունակել են հարվածներ հասցնել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ