fbpx
Սպորտ

Կազեմիրոյի «ցավը»՝ Աթլետիկոյի հեգնանքի և Լևանտեի նախագահի դժգոհության պատճառ

Պրիմերայի 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթանակ տոնեց «Լևանտեի» նկատմամբ: «Սերուցքայինների» համար հաղթական էր Գարեթ Բեյլի՝ 78-րդ րոպեին իրացրած 11-մետրանոցը, որը վաստակել էր Կազեմիրոն:

Հանդիպման գլխավոր մրցավար Իգնասիո Իգլեսիաս Վիլյանուևայի՝ տանտերերի դարպասին երկրորդ 11-մետրանոցը նշանակելու որոշումը դարձել է մեծ քննարկումների առիթ:

Առաջին հայացքից տպավորություն էր, որ անկյունայինի խաղարկումից հետո Շեյկ Դուկուրեն խախտել է կանոնները Կազեմիրոյի նկատմամբ, սակայն դրվագի տեսակրկնությունից երևում է, որ Կազեմիրոն ակնհայտորեն չափազանցրել է խախտումը:

 

«Մրցավարը շատ արագ սուլեց 11-մետրանոցի համար: Ես այդ դրվագի կրկնությունն արդեն 37 անգամ դիտել եմ և դեռ 11-մետրանոց չեմ նկատել: Շատ զարմանալի 11-մետրանոց էր: Եթե ֆուտբոլիստների միջև իսկապես բախում լիներ, Կազեմիրոյին շտապ օգնություն անհրաժեշտ կլիներ»,– խաղից հետո հայտարարել է «Լևանտեի» նախագահ Կիկո Կատալանը:

Իսպանացի հայտնի մրցավար Իտուարալդե Գոնսալեսը նույնպես դեմ է արտահայտվել 11-մետրանոց նշանակելու որոշմանը. «Այդ դրվագում 11-մետրանոց չկար: Կազեմիրոն ինքնակամ ոտքն առաջ տարավ»:

11-մետրանոցների մետրանոցի քննարկումներին միացավ նաև «Աթլետիկոն»:

««Օսկարի» երեկոյի մեծ մեկնարկ: Ո՞ր ֆիլմն եք ընտրում»,- հասկանալի ակնարկով գրառում էր կատարել «Աթլետիկոյի» Twitter-ի էջը:

«Աթլետիկոյի» գրառումից հետո չուշացավ Դանի Կարվախալի պատասխանը: «Սերուցքայինների» պաշտպանն այդ գրառմանը թողել էր հետևյալ մեկնաբանությունը.«Խորհուրդ եմ տալիս դիտել «Դեսիմայի սիրտը» և «Ունդեսիման»: Ես այդ ֆիլմերը DVD-ով ունեմ»,- գրել է Կարվախալը՝ ակնարկելով, որ Չեմպիոնների լիգայում իր 10-րդ և 11-րդ հաղթանակները «Ռեալը» տոնել է՝ եզրափակչում առավելության հասնելով «Աթլետիկոյի» նկատմամբ:

Սոցիալական ցանցերի օգտատերերը ևս անմասն չմնացին մեկնաբանություններից: Շատերը սկսեցին զուգահեռներ անցկացնել Կազեմիրոյի և Բուսկետսի «ցավերի» միջև:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ