fbpx
Քաղաքականություն

Ցեղասպանության ժխտումը դրա վերջին բաղկացուցիչ ակտն է․ Շերման (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր շատ կարևոր օր է, քանի որ տասնամյակների պայքարից հետո Ներկայացուցիչների պալատը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին իր ելույթում ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման ժամանակ:

Նա ընդգծել է, որ դա տեղի կունենա 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերապրածների վերջին սերունդի աչքի առաջ:

«Երկու շաբաթ առաջ ես մոտեցա այս նույն ամբիոնին և ասացի, որ վերջապես ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-ասաց Շերմանը՝ նկատելով որ արդեն եկել է Թուրքիային սիրաշահելու ժամանակների ավարտը:

Նրա խոսքով՝ վաղուց էր հարկավոր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն միշտ ասում էին, որ պետք չէ դա անել, քանի որ Թուրքիայի հետ կարևոր դաշնակցային հարաբերություններ ունենք:

«Այս ամսվա սկզբին նրանք ռմբակոծեցին ամերիկյան ռազմաբազայի շուրջբոլորը: Բոլորի համար ակնհայտ էր, որ նրանք պատրաստ են սպանել ամերիկացիների: ԱՄՆ-ը հետ քաշվեց, սակայն դա լավ պլանավորված ու զգույշ հեռացում չէր: Մենք լքեցինք թուրքական ռմբակոծության ու սպառնալիքների պատճառով: Մի՞թե սրանք են իրական դաշնակցային հարաբերությունները»,-ասաց Բրեդ Շերմանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն միշտ աջակցել է Թուրքիային:

Նա նշեց, որ 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունը սպանել է 1.5 միլիոն հայ, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, և որևէ կասկած չկա, որ դա տեղի է ունեցել:

«1.3-1.5 միլիոն հայերի ջարդը 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկն էր, և այստեղ որևէ բանավեճ լինել չի կարող»,-նշեց Շերմանը։

Նա շեշտեց, որ Ռաֆայել Լեմկինը, որն առաջին անգամ ներկայացրել է ցեղասպանություն բառը, ասել է, որ Հայոց ցեղասպանությունը դրա առաջին օրինակն էր:

«Ժամանակն է, որ մենք ճանաչենք Հայոց ցեղասպանությունը, քանի որ դրա ժխտումը ցեղասպանության վերջին բաղկացուցիչ ակտն է»,-ընդգծեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ