«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի Իրան այցին և կարևորել հայ-իրանական հարաբերությունների զարգացումը։
«Հայ-իրանական հարաբերությունները երկուստեք կենսական նշանակություն ունեցող և բավական նուրբ շերտեր պարունակող հարաբերություններ են։
Իրանական խնդրի շուրջ առկա միջազգային քաղաքական կոնյունկտուրայում Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները պարունակում են ինչպես հնարավորություններ, այնպես էլ ռիսկեր։ Չափազանց կարևոր է այդ հնարավորությունների ու ռիսկերի բալանսավորումը։
Ռուսաստան, ԱՄՆ, Իսրայել, Սաուդյան Արաբիա, արաբական մի շարք պետություններ… Սա այն երկրների ոչ ամբողջական ցուցակն է, որոնք զգայուն կարող են լինել հայ-իրանական հարաբերությունների առնչությամբ։ Հայ-իրանական հարաբերությունները, այսպիսով, պետք է կառուցվեն տարածաշրջանային և գլոբալ զարգացումների հաշվառմամբ միայն, դրանք չենք կարող կտրված լինել աշխարհի հետ Հայաստանի հարաբերությունների ներկապնակից։
Այո, մենք՝ որպես հարևան և բարեկամ պետություն, Իրանի հետ մեր հարաբերությունները չենք պայմանավորում երրորդ երկրով կամ երկրներով։ Միևնույն ժամանակ, Իրանի նկատմամբ մեր այդ վերաբերմունքը օբյեկտիվորեն առաջացնում է մեր նկատմամբ վերաբերմունք մեր այլ գործընկեր պետությունների ու կառույցների կողմից։
- Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ
- Լուկաշենկոն նույնպես շնորհավորել է Փաշինյանին
Հետևաբար, չափազանց կարևոր է հավասարակշռել հայ-իրանական հարաբերություններից ակնկալվող դրական և այլ սուբյեկտների կողմից Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությամբ պայմանավորված բացասական արդյունքները։ Իրանը մեր տարածաշրջանի կարևորագույն խաղացողներից մեկն է, և այդ երկրի հետ դրական հարաբերությունները արժեքավոր են մեզ համար։ Սակայն դրանք պետք է զարգանան միայն ռիսկերի բացառման և հնարավորությունների ավելացման սկզբունքով։
Չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանը շարունակի կանխատեսելի և թափանցիկ, անկեղծ, վստահելի և գործընկերային հարաբերություններ պահպանել Թեհրանի հետ։ Դա միևնույն ժամանակ թույլ կտա զարգացնել հարաբերությունները նոր գործընկերների, նոր բարեկամների և նոր դաշնակիցներ հետ, որոնց կարիքը Հայաստանը շատ ունի»,-ասվում է գրառման մեջ։