Ճապոնիայի նոր կայսրն է դարձել Նարուհիտոն: Նրա թագադրման արարողությունն ավարտվել է Տոկիոյում` կայսերական պալատում:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ արարողություն էր տեղի ունեցել, որի ժամանակ գահը լքել էր կայսր Ակիհիտոն: Կեսգիշերին ավարտվել է նրա կառավարման Հեյսեյ դարաշրջանը, և սկսվել է Ռեյվա նոր կառավարումը, որը նշանակում է «գեղեցկություն և ներդաշնակություն»:
Մայիսի 1-ին «Սեյդեն Մացու-նոմա» դահլիճում անցկացվող արարողությանը մասնակցել է 24 մարդ` ներառյալ երկրի վարչապետ Սինձո Աբեն և նախարարներ: Նարուհիտոն դահլիճ է մտել կայսերական ընտանիքի անդամների հետ: Նա բարձրացել է սպիտակ գործվածքով ծածկված պատվանդանի վրա, որի վրա դրված էր գահը: Նրա աջ կողմում կանգնել է կրտսեր եղբայրը՝ արքայազն Ակիսինոն, որը հիմա գահակալման հերթում առաջինն է:
Այնուհետև դահլիճ են բերել և հատուկ պատվանդանի վրա դրել Երեք սրբազան գանձերից երկուսը՝ հասպիսե մագատամա զարդը և Կուսանագի-նո-ցուրուգի թուրը: Այնուհետև սպասավորները ներս են բերել և պատվանդանների վրա դրել Կայսերական կնիքը և Ճապոնիայի Պետության կնիքը:
Դրանից հետո պալատականները պատվանդաններից վերցրել են կայսերական տարբերանշանները, իսկ Նարուհիտոն կայսերական ընտանիքի անդամների հետ դահլիճից հեռացել է:
Ժողովրդին ուղղած իր առաջին ուղերձում Նարուհիտոն երդվել է միշտ նրանց հետ միասին լինել և նրա խորհրդանիշ ծառայել:
«Ճապոնացիներին մաղթում եմ երջանկություն և Ճապոնիայի հետագա բարգավաճում, ինչպես նաև ամբողջ աշխարհին խաղաղություն»,- ասել է միապետը:
Ճապոնիայի կայսր Ակիհիտոն՝ Նարուհիտոյի հայրը, 2016 թվականին հասկացրել էր, որ ցանկանում է գահը փոխանցել գահաժառանգին: Սակայն, կայսերական տան մասին օրենքը և երկրի սահմանադրությունը գահի ժառանգումը նախատեսում են միայն գործող կայսեր մահվանից հետո: Մոտ 3 տարի պահանջվեց, որ փորձագետները և օրենսդիրները կարողանան այս մտադրության իրականացման համար իրավաբանական հիմք ստեղծել: