Ճապոնիայի Ակիհիտո կայսրը և Միտիկո կայսրուհին ուրբաթ վերջին անգամ են պաշտոնապես դուրս եկել հանրության առաջ որպես թագավորող զույգ՝ նախքան ապրիլի 30-ին գահից միապետի հրաժարականը:
Նրանք մասնակցել են շրջակա միջավայրի պաշտպանության ակտիվիստների և գիտնականների՝ Տոկիոյում կայացած պարգեւատրման արարողությանը, որոնք լուրջ արդյունքների են հասել կենդանի բնության ուսումնասիրման բնագավառում:
Ինչպես հայտնել է NHK հեռուստաալիքը, այժմ 85-ամյա կայսրը և 84-ամյա կայսրուհին մինչև ամսվա վերջը կհանգստանան Տոկիոյի կենտրոնում գտնվող իրենց պալատական համալիրում: Ապրիլի 30-ին նրանք այնտեղ կմասնակցեն գահից հրաժարման պաշտոնական արարողությանը:
Այնտեղ իշխանության երեք ճյուղերի՝ կառավարության, խորհրդարանի և Գերագույն դատարանի ղեկավարների ներկայությամբ կայսրը կարտասանի հրաժեշտի ճառը:
Հաջորդ օրը՝ մայիսի 1-ին, Տոկիոյում կկայանա Ակիհիտոյի 59-ամյա ավագ որդու՝ ներկայիս գահաժառանգ արքայազն Նարուհիտոյի գահակալության հանդիսավոր արարողությունը: Այդ առիթով հիմնական միջոցառումները պլանավորված են հոկտեմբերին: