Այս օրերին պաշտոնական այցով Ճապոնիայում է գտնվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ուշագրավ է, որ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին այսօր հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։
Հայ-ադրբեջանական պաշտոնական բանակացությունների համատեքստում նախկինում երկու երկրների ղեկավարները նույնպես խոսել են ԱՄՆ գործող նախագահի` Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանի լինելու և Հայաստանի ու Ադրբեջանի կողմից Թրամփի թեկնածությունը պաշտպանելու մասին։ Ինչպես տեսնում ենք, Թրամփին հաճոյանալու մոլուցքը բնորոշ է ոչ միայն բռնապետ Ալիեւին եւ սկզբունքայնությունից զուրկ Փաշինյանին։ Նաև այլ պետությունների ղեկավարներ դիմում են այդ քայլին՝ իրենց երկրների համար ԱՄՆ-ից ինչ-որ շահեր կորզելու համար։
Այստեղ նկատենք, որ Թրամփի թեկնածությունն այս տարի առաջադրվել է նաև այլ երկրների ղեկավարների կողմից։ Հոկտեմբերի 27-ին Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը հայտարարել է, որ իր երկիրը Թրամփին կառաջադրի Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Թաիլանդի հետ հակամարտության կարգավորման գործում օգնության համար։ Հունիսին Պակիստանի ղեկավարությունը հայտնել էր, որ Թրամփին կառաջադրի նույն մրցանակի՝ Հնդկաստանի հետ հակամարտության կարգավորմանը նպաստելու համար։ Հուլիսին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նույնպես հայտարարել էր Թրամփին այդ մրցանակի համար առաջադրելու մասին։
Չնայած նախորդած շրջանում Թրամփը մրցանակը չստացավ, սակայն նրա կողմնակիցները պնդում են, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հաշտության համաձայնագիրը նրան դարձնում է արժանի թեկնածու 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։

