fbpx
Աշխարհ

Չավուշօղլուն մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայի անվտանգության գոտու ստեղծումը ձգձելու մեջ

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունները ձգձգելու մեջ։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости -ն։

«ԱՄՆ-ի հետ բանակցություններն սկսելուց հետո արվել է առաջին քայլը՝ (անվտանգության գոտու) համակարգիչ կենտրոնի ստեղծումը։ Բայց և միաժամանակ մենք մեր նախազգուշացումն ենք հայտնել, որ դա չվերածվի երկրորդ Մանբիջի։ Որովհետև ԱՄՆ-ը պայմանավորվածություների պատճառով, որոնք ունի ահաբեկիչների հետ, խոսքը չի պահում։ Մենք տեսնում ենք, որ այն նորից սկսել է ժամանակ ձգել»,- ասել է Չավուշօղլուն լրագրողներին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ վարքագիծը չի բավարարում Անկարային։

«Մեր պլանները պատրաստ են։ Եվ եթե մեր համագործակցությունը արդյունք չտա, մենք ինքներս կմտնենք այդ գոտի, և ինչպես դա եղավ Աֆրինում, կմաքրենք այն ու կայունություն կապահովենք»,-հավելել է նախարարը։

Ավելի վաղ Անկարայում ավարտվել էին թուրք-ամերիկյան բանակցությունները Սիրիայի հյուսիսում անվտանգ գոտու ստեղծման վերաբերյալ։ Ինչպես տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, Անկարան և Վաշինգտոնը հասել են համատեղ գործողությունների և Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու համակարգիչ կենտրոնի ստեղծման պայմանավորվածության։ Պաշտոնական Դամասկոսը կտրականապես դեմ է այդ համաձայնագրին, քանի որ, սիրիական կառավարության կարծիքով, այն աղաղակող հարձակում է Սիրիական Արաբական Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ և միջազգային իրավունքի ու ՄԱԿ կանոնադրության սկզբունքների խախտում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ