«Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախ ներողություն խնդրեց հայերեն չխոսելու ու չհասկանալու համար, ինչպես նաև ամփոփեց նախորդ մրցաշրջանում թիմի աշխատանքներն ու ներկայացրեց այն կարևոր հարցերը, որոնք ակումբը կարևորում է հայկական ֆուտբոլի զարգացման տեսանկյունից.
«Նախորդ մրցաշրջանը հաջող ստացվեց մեզ համար, 3-րդ տեղը զբաղեցրինք, բայց շատ վատ հանդես եկանք Եվրոպա լիգայում:
Նախորդ տարի բացի բրոնզե մեդալներ նվաճելուց, հիմնական ուշադրությունը սևեռեցինք ենթակառուցվածքներին: Արեցինք այն, ինչի մասին վաղուց երազել էինք. վերակառուցեինք խոտածածկը, թարմացում իրականացրինք ամբողջ մարզադաշտում, և որ ամենակարևորն է՝ մարզումային դաշտերում:
Կցանկանայի նաև նշել, որ ղեկավար կազմում փոփոխություններ ենք ունեցել: Շուտով կունենանք նաև գլխավոր փոխտնօրեն՝ բժշկական հարցերով: Արդեն ասացի, որ այս մրցաշրջանը հաջող չենք սկսել, քանի որ երբ 700 հազար դոլար ես ծախսում ենթակառուցվածքները վերակառուցելու համար, չես կարողանում նոր ֆուտբոլիստների ձեռք բերել: Երեկ Մ19 տարեկանների կազմը տեսա, ու զարմացա, երբ մեր թիմից ընդամենը 2 խաղացող տեսա հայտացուցակում, բայց հետո տեսա, թե քանի խաղացող է ընդգրկվել ԲԿՄԱ-ից, որոնք ևս մեր խաղացողներն են: Տարբեր տարիքային հավաքականների համար բազմաթիվ ֆուտբոլիստներ ենք պատրաստում ու դա հպարտություն է մեզ համար»,- ասում է Ջևան Չելոյանցը:
Խոսելով հայկական ֆուտբոլում առկա մտահոգիչ հարցերի մասին՝ Չելոյանցը առանձնացրեց հետևյալ կետերը.
- Մրցավարության հարցը. այս խնդիրն ամբողջ աշխարհում կա, բայց հարցն այն է, թե երբ է սխալվում մրցավարը: Բոլորս էլ կարող ենք սխալվել, բայց երբ մրցավարները կաշառք են վերցնում կամ որևէ մեկի պատվերով սխալներ են թույլ տալիս, սա աններելի է: Շատ կարևոր է՝ այս ամենին ուշադրություն դարձնելը: Դեպք գիտեմ, երբ մրցավարին կաշառքը ձեռքին «բռնել են», բայց նա մինչ օրս շարունակում է դատել:
- Աշխարհի որևէ երկրում չես տեսնի, որ թիմերն իրենց խաղացանկը չունենան: Այս մասին խոսել եմ Արմեն Մելիքբեկյանի հետ: Ես ֆուտբոլով ավելի երկար ժամանակ եմ զբաղվում, քան նա ապրում է: Միակ խաղը, որի ամսաթիվը գիտենք, «Շիրակի» հետ խաղն է: Չէ՞ որ կարելի է նախապես կազմել խաղացանկը: Եթե կա ցանկություն,ամեն ինչ էլ կարելի է անել: Խաղացանկի հետ կապված հարցը մեզ շատ է մտահոգում:
- Ցանկանում եմ ստադիոն կառուցել ու հույս ունեմ, որ ինձ թույլ կտան այս երկրում որևէ բան թողնել: Երբ հասնում ես որոշակի տարիքի, սկսում ես մտածել այդ ուղղությամբ: Բայց դրա համար պետական աջակցություն է անհրաժեշտ: Առաջնայինը հողի հատկացման հարցն է: Արդեն դիմել ենք քաղաքապետին, առաջարկել ենք տարածք, որը հիանալի տեղում էր, նաև այգի կառուցելու համար տարածք կար: Ասացին ՝ոչ, այդտեղ բազմահարկ շենք է կառուցվելու:
- Հաջորդ հարցը պրոֆեսիոնալ լիգայի ստեղծումն է: Այն պետք է ստեղծվի: Ֆեդերացիան իհարկե ղեկավարման որոշակի լծակներ պետք է ունենա, բայց առաջնության անցկացումը՝ ինչպես Բարձրագույն խմբի, այնպես էլ՝ Առաջին խմբի, ֆեդերացիայի գործը չէ: Լիգան պետք է պատասխանատվություն կրի խաղացանկի,ժամանակացույցի համար, իսկ ֆեդերացիան զբաղվի մրցավարական հարցերով օրինակ: Պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման գաղափարն աջակցեց ՀՖՖ-ի նախագահը, դա արդեն մեծ քայլ է, բայց մենք՝ ակումբներս էլ պետք է քայլեր ձեռնարկենք: Ոչ թե խոսենք, այլ գործենք:
Աղբյուրը՝ Armsport.am