«Օրենքով գող» Պզոն՝ Արմեն Ղազարյանը, և նրա ընկերը ոստիկանական բաժանմունքում աջ ու ձախ հայհոյում են ոստիկաններին, անհարգալից վարք ցուցաբերում, ցատկում ոստիկանական արգելապատնեշի վրայից ու անարգել բարձրանում վերև, և ոչ մի ոստիկան չի փորձում կարգի հրավիրել։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ոստիկանության այս վարքագիծը պատճառաբանում է նրանով, որ այս ոստիկանությունը դեռևս նախորդ իշխանության ժամանակ եղած ոստիկանությունն է։ Աշխատողները նույնն են, իսկ նրանք տարիներ շարունակ գործել, աշխատել են այն համակարգի, իշխանության ժամանակ, երբ քրեական հեղինակությունները, օլիգարխները իշխանության սյուներն էին։
«Ոստիկանության պահվածքը նման անձանց նկատմամբ եղել է այնպիսին, ինչպիսին, ասենք, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ։ Նման անձանց նկատմամբ դրսևորել են զսպված վերաբերմունք, քանի որ այդ ժամանակ ոչ թե օրենքի իշխանություն էր, այլ իշխանության ծառայող մարմին, իշխանությանը ծառայող ոստիկանություն։ Եվ հիմա այդ երևույթի մնացուկները, մտածելակերպը դրսևորվում են նման իրավիճակներում, քանի որ որևէ նոր մոտեցում չի արմատավորվել։ Հենց դրա համար էինք մենք ասում վեթինգ։ Վեթինգի իմաստը հենց իշխանության հետ սերտաճածների մաքրումն էր համակարգում։
Այդ անձինք հոգեբաններ են, անձնապես այլ հարաբերությունների մեջ են եղել իշխանության հետ։ Նրանք տարիներ շարունակ իշխանության հետ համագործակցության մեջ են եղել, միասին ընտրություն են կեղծել, կոծկել են ամեն ինչ, և հիմա էլ այդ համագործակցության դրսևորումները պահպանվել են։ Դրա վառ ապացույցը քրեական տարի մասնակցությամբ միջադեպն էր, հրդեհի ժամանակ ի հայտ եկած իրավիճակն էր։ Եվ ես բնավ չեմ զարմանա, որ շատ դեպքերում ոստիկանությանը վճարեն հենց կրիմինալը, քրեական ծագում ունեցող օլիգարխները»:
Աղբյուրը՝ Aravot.am