fbpx
Քաղաքականություն

Չէր կարելի պետությունը հակադրել հայրենիքին, ինչպես չի կարելի մարդուն հակադրել քաղաքացուն. Այվազյան

«Բռունցքդ բեր» նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է.

«Ամենամեծ ստորությունը այս իրավիճակներում, որ կատարվում է հայ ժողովրդի ու պետության դեմ դա ՀԱԵ-ի և Ոստիկանության որպես ինստիտուտների նսեմացումն է: Մեկը՝ հոգևոր, մյուսը ներքին անվտանգություն ապահովող կարևորագույն ինստիտուտներ են, որոնց այս կամ այն աշխատակիցներով պայմանավորված չի կարելի զրոյացման տանել ամբողջ համակարգն ու պատմությունը: Այս ինստիտուտները սմբակահարվում են սոցիալական ու մեդիա հարթակներում, թե հանրային գործիչների, թե կեղծ ինքնությունների միջոցով, սակայն նաև իրական օտարահպատակներով:

Ո՞վ է սրանից շահում: Մեր հոգևոր և ներքին անվտանգության թուլացումը ձեռնտու է թշնամիներին՝ հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության թշնամիներին: Թե ում խոսքով և գործով է դա արվում, բոլորդ էլ տեսնում եք: Եթե կարող եք, ապա զսպեք ու լռեցրեք դրանց: Մենք հերթական «սև ու սպիտակի» մարիոնետային պարտիա ենք նայում, որից միայն տուժված ենք դառնալու: Չէր կարելի պետությունը հակադրել հայրենիքին, ինչպես չի կարելի մարդուն հակադրել քաղաքացուն: Հակասահմանադրական սահմանազատումը և սահմանագծումը արեցին, ովքե՞ր օժանդակեցին դրան իբրև դրա դեմ պայքարելով: Պայքարողների մեծ մասը չի էլ հասկացել, որ օժանդակել է այդ գործընթացին, ոչ էլ չպայքարելու կոչողներն են հասկացել, թե ինչ աղետներ են գալու այդ ամենի հետևանքով:

Այսքանը և դեռ ավելի խորը պատկերացումներ կային ու կան, թե ինչ պետք է արվի ու չարվի, բայց հասկանում եմ, որ մեղքը մեր չէ: Նույնիսկ բարձրաձայնել չեմ ցանկանում շատ բաներ, որովհետև մտքի սով է ու մտքի գողերը կրծում են այս էլեկտրոնային անդաստանում հայտնված նոր գաղափարները և չորացնում դրանք:

Սա այն մեծ դասավորությունների ու դավադիր համաձայնությունների արդյունքն է, որը աշխատացնում են անհատական ու կոլեկտիվ կոմպրոմատների միջոցով, ճնշումների, բռնաճնշումների, պատերազմի սպանալիքի և այլ մարդկային արատավոր ու անընդունելի գործիքների միջոցով, որտեղ մեր կարողությունների դեմ, այս պահին ներդրված են անմրցելի ռեսուրսներ:

Ես չգիտեմ մենք կգտնենք ներքին դիմադրության էներգիա այս ինքնաոչնչացվող գործընթացի արդյունքում, կամ կգա որևէ արտաքին ուժ, որ մեր վերքին դարման կանի ու կհակադրվի կործանմանը, թե, կներեք լիրիկայի համար, թշնամի տզրուկը կմնա որպես փրկիչ, կմնա նստած այդ վերքերին ու կծծի մեր ինքնության ու գոյության բանը:

Փրկություն չի լինելու մեզ, եթե շարունակենք «թամաշա անել» տարատեսակ կամակատար ուժերի գիտակցական կամ անգիտակից գզվրտոցներին, ու տերը տանք մեր պետական, ազգային ինստիտուտները, թույլատրենք անդադար ոտնահարել մեր իրավունքները, գլխիկոր լռենք մոլորություններն ու խաբեությունները մեզ հրամցնելուց, կեղծ գիտունների դեմագոգիան ու ուղղորդված խոսքը ընդունենք հալած յուղի պես, դատարկ ու անհամ հումորներով լցնենք կարևոր այս հանգրվանը, իբրև ներվի թուլացում:

Մեղքը մերը չի, բայց փրկություն չի լինելու: Ես ինձ ծիծեռանիկ պես եմ զգում ամպրոպից առաջ կանչող, որի վրա ոչ էլ ուշադրություն կդարձնեն պաշտոնյաները, պաշտոնի համար մաքառողները, քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստները, դրանց ֆեյք տեսակները, նույնիսկ ցավում եմ, որ ուշք չեն դարձնի նաև իրենց հանապազորյա հացը վաստակող, դարդոտ կյանքը մի փոքր մեղմած, մի փոքր ավելի կոնֆորտի հասած ու մտազբաղ հայ քաղաքացիները, որոնք կարող էին շտկել վիճակը, չշեղվել հիմնական խնդիր լուծումից, բայց բոլորիս համար է, որ «փրկություն չի լինելու»: Իսկ մեզ պետք է որևէ «քար» կողքի գցել «այլևյան արյունոտ դոմինոյից», որին հովանավորում են տարածաշրջանի ազդեցիկները և որի վրա, ի վերջո, աչք են փակում համաշխարհային ազդեցիկները մեր իսկ իրավունքները զիջողներին հանդուրժելու և բոլոր իրավիճակներին մեր համակերպվելու անհատակ կարողության պատճառով:

Պոռթկումները սպասելի են, պոռթկումները ուղղորդվում են, պոռթկումները զսպվում են: Մինչև երբ…»

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ