fbpx
Մշակույթ

03:30 7/7/2019

Չինաստանում ձևախախտված գանգեր են հայտնաբերվել

Չինաստանում հետազոտողներին հաջողվել է հետաքրքիր գտածո հայտնաբերել: Ցզիլին նահանգում հայտնաբերվել են 25 հնագույն դամբարաններ: Ընդ որում՝ կմախքների գանգերի մեծ մասը արհեստական ձևախախտման էր ենթարկված: Այս մասին հայտնում է Planet Today-ը:

Հետազոտողները նշում են, որ գտնված բոլոր դամբարանները բավականին հին են: Առավել հների տարիքը հասնում է 12 հազար տարվա, իսկ ամենաերիտասարդներինը՝ 5 հազար տարվա: Գտածոն առաջին հերթին հետաքրքիր է նրանով, որ բոլոր 25 մարդկային կմախքները, ավելի կամ պակաս չափով, գանգերի ձևախախտման նշաններ ունեն:

Սակայն սա ամենևին չի նշանակում, որ այստեղ բնակվել է մինչ օրս անհայտ ռասա: Նրանք մարդու սովորական նախնիներ են, որոնք դիտավորյալ կատարել են գանգատուփի փոփոխություններ: Այն հեռավոր ժամանակներում առանձին ասիական ցեղերում գոյություն ուներ որոշ մշակութային առանձնահատկություն, որը դրսևորվում էր գանգատուփի արհեստական փոփոխությամբ:

Որպեսզի գանգը ձևը փոխի, այն ձիգ կապում էին: Ընդ որում՝ դա տեղի էր ունենում մանկահասակ տարիքում, երբ գանգի ոսկորները բավականին փափուկ են և կարող են հեշտությամբ ենթարկվել նման կարգի ձևախախտումներին:

Դրանից բացի, գիտնականներն առաջ են քաշել տեսություն այն մասին, որ գանգի տարբեր ձևերը նշանակում էին մարդու առանձին սոցիալական կարգավիճակ: Նրանք նման եզրակացություն են կատարել՝ ուշադիր ուսումնասիրելով բոլոր դամբարանները: Այստեղ թաղված մարդկանց թվում եղել են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք՝ երեխաների հետ, 3-ից մինչև 40 տարեկան:

 

Վերեվ