fbpx
Տնտեսություն

19:40 14/5/2019

Չմշակվող հողերն ամենաշատը Վայոց ձորի և Տավուշի մարզերում են

Մայիսի 14-ին «Հողային ռեֆորմը Հայաստանում․ ի՞նչ փոփոխություններ են սպասվում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ Հայաստանում առկա 445 հազար 600 հեկտար վարելահողերից 45 տոկոսը` 202 հազար 700 հեկտարը, չի մշակվում, ինչը սակավաթիվ հողեր ունեցող մեր երկրի համար օրհասական խնդիր է համարվում ու հրատապ լուծում է պահանջում:

Բաղդասարյանը նշեց, որ կատարվել են ուսումնասիրություններ և բազմաթիվ պատճառներ են բացահայտվել, թե ինչու հողերը չեն մշակվում. «Գյուղատնտեսական ապրանքի իրացման դժվարություն, ցածր եկամտաբերություն, ոռոգման ջրի խնդիր և այլն: Ի՞նչ ենք մենք արել՝ այդ խնդիրները լուծելու համար: Մեր առաջնահերթ խնդիրն է՝ խթաններ ստեղծել, որպեսզի մարդիկ ցանկություն ունենան սկսել հող օգտագործել»,- ասաց Բաղդասարյանը և հավելեց, որ հողի ոչ մի սեփականատեր չի զրկվելու իր հողից:

Բաղդասարյանի խոսքով՝ չմշակվող հողերն ամենաշատը Վայոց ձորի և Տավուշի մարզերում են՝ 71 և 70 տոկոս, և դա որոշակիորեն կապ ունի այն բանի հետ, որ սահմանամերձ են: Արմավիրի և Շիրակի մարզերում էլ՝ 34 և 33 տոկոս, ամենաքիչն են չմշակվող հողերը:

 

Վերեվ