Տեր Վրթանես քահանայի կոչը Վեհափառ Հայրապետին

Հրապարակող՝

Տեր Վրթանես քահանայի կոչը Վեհափառ Հայրապետին

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը նոյեմբերի 28-ին Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերին եկեղեցական շրջանակներում տեղի ունեցած իրադարձություններին։ Նա իր աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին և կոչ արել ներողամիտ լինել այն անձանց նկատմամբ, որոնք, ըստ նրա, շանտաժի, կոմպրոմատների և այլ ճնշումների զոհ են դարձել։

Տեր Վրթանեսը նշել է, որ վարչապետի հետ առանց կաթողիկոսի գիտության հանդիպումը ապօրինություն է եղել և խախտել է եկեղեցական կանոնները։ Նա ընդգծել է, որ հանդիպմանը մասնակցած որոշ հոգևորականներ նախկինում էլ խնդիրներ են ունեցել իրենց վարքագծի հետ կապված։ «Եթե ես լինեի Վեհափառ Հայրապետը, նրանք արդեն կարգալույծ կհռչակվեին»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Վեհափառ Հայրապետը շատ ավելի ներողամիտ և շրջահայաց է։

Հիշեցնենք, որ նախօրեին տարածված հայտարարության մեջ մի շարք եպիսկոպոսներ պահանջել էին Արշակ Սրբազանի հեռացումը Մայր Աթոռից։ Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է կազմակերպել մի շարք հոգևորականների հետ։ Տեր Վրթանեսը հույս է հայտնել, որ Վեհափառ Հայրապետը կկայացնի այնպիսի որոշում, որը կբավարարի հավատացյալ ժողովրդին։

Ամենաթարմ