fbpx
Առողջապահություն

«Ծխախոտի դեմ պայքարի մասին» նախագիծը մեկ ամսից կուղարկվի կառավարություն. ԱՆ խոսնակ

ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագիծը:

Այս պահին ընթանում են նախագծի շուրջ քննարկումներ, որոնց մասնակցում են տարբեր գերատեսչությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Նախագծի վերաբերյալ SHANTNEWS.am-ը զրուցել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, որը ևս մասնակցում է քննարկումներին:

«Գոյություն ունի ձևի և բովանդակության համադրություն, աշխատանքի պրոֆեսիոնալության և արդյունավետության ներդաշնակության ապահովում: Եթե մենք թողնում ենք նախագծի վերնագիրը, ապա այն լավն է՝ ծխելու դեմ պայքար, գաղափարն էլ է լավը, բայց պետք է հասկանանք, որ ամեն ինչ պետք է անել այնպես, որ օրենսդրությունը գործի և իրական արյդունքներ տա: Այս նախագծում խիստ օրենք է թարգմանված, գործիքները չկան, թե ինչպես է կիրառվելու: Այս նախագծով հաշվի առնված չէ որևէ ազգային, տեղային առանձնահատկություն»,- ասաց նա:

Բաբկեն Պիպոյանը հայտենց, որ ծխելու դեմ պայքարի նման խիստ մեթոդները գործում են Ռուսաստանում և Սկանդինավյան երկրներում: Նա նշեց, որ հաշվի առնված չէ օրենքի ազդեցությունը, հաշվի առնված չէ, թե իրականում այս օրենքով մենք չծխողներին պաշտպանո՞ւմ ենք, թե՞ ավելի վատ վիճակի մեջ ենք դնում:

«Հայաստանը ռեստորանների քանակի տեսանկյունից բացառիկ երկիր է, որտեղ ընկերներով հավաքվում, հաց են ուտում: Տեսեք, թե աշխարհի քանի երկրում այս մշակույթը կա: Ժամանակին հավաքվում էին ինչ-որ մեկի բնակարանում, իսկ հիմա իրենք իրենց տեղափոխել են հանրային սննդի վայրեր: Հիմա, երբ ասում ես` այստեղ մի´ ծխիր, դու այդ տղամարդուն հետ ես ուղարկում իր տուն. ստացվում է` մինչև հիմա երեխան ծխից պաշշտպանված էր, իսկ հիմա դառնում է անպաշտպան»:

Մեր այն հարցին, թե որքանով է իրատեսական համարում նախագծի կիրառումը, Բաբկեն Պիպոյանը նշեց.

«Ենթադրել, որ նախագիծը այս տեսքով կընդունվի, նույնն է, թե ենթադրել, որ Ազգային ժողովում ևս ոչ ոք ոչ մի բանից չի հասկանում: Այս նախագիծն այս ձևաչափով ավելի շատ վնասում է առողջությանը, քան օգնում: Խնդիրները գալիս են նրանից, որ պաշտոնյաները ալարում են աշխատել, վերցնել, մշակել, ինքնուրույն ինչ-որ նոր դետալներ գրել»:

Բաբկեն Պիպոյանը չի կարծում, թե նախագիծն այս տեսքով կընդունվի: Նա կարծում է, որ ծխախոտի վաճառքը չի նվազի կամ գրեթե չի նվազի:

«Այս նախագիծը գրելու համար բացառապես անհրաժեշտ էր թարգմանիչ: Եթե դուք այն կարծիքին եք, որ թարգմանիչը օրենք գրող է, ապա ես բան չունեմ ավելացնելու»:

SHANTNEWS.am-ը նաև զրուցել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ, որը տեղեկացրեց, որ նախագիծը գրեթե պատրաստ է:

«Նախագծի շուրջ վերջին քննարկումներն են արվում և այն, հավանաբար, մեկ ամսից կուղարկվի կառավարություն»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ