Քիչ առաջ ավարտվեց ցուցարարների հանդիպումը ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի հետ:
«Պայմանավորվեցինք, որ հարցը նորից բերենք քննարկման»,-այս մասին լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց GoodWin ընկերության տնօրեն Սարգիս Միքայելյանը։
Նա ասաց, որ իրենց բոլոր պահանջները լսեցին, և պարոն Թունյանը խոստացավ, որ առաջիկայում դրանք կքննարկվեն։
Լրագրողի այն դիտարկմանը, թե տեսակետ կա, որ նրանց պայքարը Vivaro-ների դեմ է, Սարգիս Միքայելյանն ասաց․ «Մենք Vivaro-ների դեմ պայքարելու խնդիր չունենք, մենք պայքարում ենք մեր հիմնարկի աշխատանքային ընթացքի համար. եթե մեզ հնարավորություն չի տրվում էլեկտրոնային սարքավորումների միջոցով համակցված վիճակախաղ կազմակերպել, թեկուզ բացառապես բուքմեյքերական կետերի տիրույթում, մենք ստիպված ենք օրենքի ուժի մեջ մտնելուց տասնօրյա ժամկետում փակվել»։
Good Win ընկերության տնօրենը նշեց, որ հաշվի առնելով խաղամոլության հետ կապված անհանգստությունը՝ թե օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, թե ժողովրդի, 1.5 տարի հետո պատրաստ են փակվելու. «Ստեղծած իրավիճակի հետ հաշվի նստելով՝ այո, պատրաստ ենք, բայց այս պարագայում այս նախագիծը ծառայում է այլ բանի, այսինքն՝ ովքեր ինտերնետ տիրույթում ուժեղ են, շարունակում են գործել, մենք փակվում ենք»,-ասաց Սարգիս Միքայելյանը։
Հիշեցնենք, որ առավոտից ցուցարարները ակցիա էին անցկացնում Ազգային ժողովի առաջ, ապա՝ փակեցին Բաղրամյան պողոտան։