Ավելի քան 200 ցուցարար ներխուժել է Բաղդադում Բահրեյնի դեսպանատան բակ և պոկել թագավորության դրոշը, որ բողոք արտահայտի Բահրեյնում ԱՄՆ-ի կողմից իրականացվող հանդիպման դեմ՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցով։
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ գիշեր։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, ոստիկանությունն օգտագործել է մարտական փամփուշտներ ամբոխին ցրելու համար, ոչ ոք չի տուժել։
«Մենք հանեցինք Բահրեյնի դրոշը, որպեսզի հասկացնենք, թե ով է մասնակցում Բահրեյնում կոնֆերանսին, որ մենք վճռականապես մերժում ենք հարաբերությունների կարգավորումը սիոնիստական զավթիչների հետ և երբեք չենք հրաժարվի աջակցել պաղեստինցիներին»,- ասել է ընդվզողներից մեկը։
Բահրեյը բողոքներից հետո հետ է կանչել Իրաքում իր դեսպանին՝ խորհրդակցելու համար։
«Բահրեյնի Թագավորության արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է ցուցարարների հարձակումը Իրաքի Հանրապետությունում թագավորության դեսպանատան վրա, որը հանգեցրել է սաբոտաժի դեսպանության շենքում»,- ասվում է նախարարության կայքի հայտարարությունում։
Իրաքի կառավարությունը դատապարտել է ցուցարարների արարքը և «խոր ափսոսանք» հայտնել դեսպանությունում անվտանգությունը խախտելու առիթով։
«Իրաքի կառավարությունը հաստատում է, որ բնավ չի ընդունում ցանկացած գործողություն, որն սպառնում է դիվանագիտական առաքելություններին, նրանց անվտանգությանը և նրանց անձնակազմի անվտանգությանը»,- ասվում է հայտարարությունում։
Երկօրյա կոնֆերանսը Մանամայում նպատակ ուներ աջակցություն ապահովել Պաղեստինի համար՝ 50 մլրդ դոլար ներդրումային պլանի հարցում։