fbpx
Քաղաքականություն

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից դուրս գալ ՀԱՊԿ-ից. Արժանապատիվ հայրենիք

«Արժանապատիվ հայրենիք» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հայաստանին ու Արցախին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ոչ մի աջակցություն չցուցաբերած ՀԱՊԿ-ը նոյեմբերի 23-ին գագաթաժողով է անցկացնելու Հայաստանի մայրաքաղաքում։ ՀԱՊԿ-ի որոշ անդամներ
-շնորհավորել են Ադրբեջանին 2020 -ի ագրեսիվ ու տեռորիստական գործողությունների համար որպես հաղթանակ,
-լռել են, երբ հարձակման է ենթարկվել Հայաստանի Հանրապետությունը,
-կրավորական դիրք են գրավել, երբ ռմբակոծվել են խաղաղ բնակավայրեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ, սպանվել ու վիրավորվել քաղաքացիական անձիք և հազարավոր զինվորականներ ու կամավորներ՝ իրենց հայրեի հողը պաշտպանելու ժամանակ։

ՀՀ քաղաքացիների որոշ մասի ինչ-որ տեղ ըմբռնելի է, երբ ՀՀ կառավարությունը կաշկանդված ու խեղաթյուրված է իրեն դրսևորում, սակայն մեր լռությունն այլևս չի կարող լինել պատասխանը ՀԱՊԿ-ի դավաճանական դիրքորոշումներին՝ դավաճանական, քանզի նույնիսկ իրենց պայմանագրային պարտավորությունները չեն կատարում հիմնադիր անդամի մասով։
Այն է՝
-կազմակերպության անդամ երկրների կողմից, ինչպիսիք են Ռուսաստանի Դաշնությունն ու Բելառուսիան, միլիարդավոր դոլարների հարձակվողական զենքի ու զինամթերքի մատակարարումներ են իրականացրել Ադրբեջանին, որով խախտվել է տարածաշրջանի ռազմական բալանսը, ռազմականացումը կանխարգելելու փոխարեն։

-ՀՀ ինքնիշխան տարածքների վրա հարձակումների փաստը չեն արձանագրել, որով կասկածի տակ է դրվում ՀԱՊԿ հիմնադիր անդամ հանդիսացող ՀՀ տարածքային ամբողջականությունը և խաթարում ինքնիշխանությունը՝ հիմնավորելով, թե սահմանագծում ու սահմանազատում չի արվել Ադրբեջանի ու Հայաստանի միջև, որը պարտավոր էին արձանագրել ու ստիպել Ադրբեջանին դուրս բերել զորքերը։

Եվ ավելի նողկալի մեկնաբանություններով Կրեմլի ու Մինսկի բարձրախոս պրոպգանդայի շուրթերով հայտարարվում էր, թե այս տարվա սեպտեմբերյան բախումները դա Արցախի տարածքների հետ է կապված, այլ ոչ թե ՀՀ ինքնիշխան տարածքների։
Ավելին՝ բոլորին հայտնի է, որ Ադրբեջանը, որին հովանավոր է կանգնած Կրեմլի ղեկավարությունը և Թուրքիան, պահանջում է ՀՀ ինքնիշխան տարածքով միջանցք՝ հիմնվելով 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վրա, որը բազմակի անգամներ խախտվել է իրենց կողմից և որտեղ բացակայում է և բացառվում է ՀՀ կողմից միջանցքի տրամադրումը Ադրբեջանին։

Եվ իհարկե, երբ ներկայումս խախտված է ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ՀՀ տարածքների վրա կանգնած են ագրեսոր Ադրբեջանի զինվորականները, որն ամրագրվել է ՄԱԿ-ում և բարձրաձայնվել ու դատապարտվել տարբեր երկրների կողմից, ՀԱՊԿ-ի ղեկավարների գալը լեգիտիմացման փորձ է այդ հարձակմանը և զավթմանը՝ կարծես թե ոչ մի տարածքային խնդիր չունի Հայաստանի Հանրապետությունը։

Այս ամենը մեզ հիմք է հանդիսանում պահանջելու ՀՀ իշխանություններից շարժվելու բացառապես Հայաստանի ու Արցախի շահերով և դադարեցնել ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը՝ չլեգիտիմացնելու Ադրբեջանի ագրեսիան։ Ինչպես նաև հաշվի առնելով այլ գերտերությունների շահերը տարածաշրջանում՝ օգտվել միջազգային իրավունքներից ու կանոնակարգերից, ընձեռնված հնարավորություններից և զարգացնել ռազմական, տնտեսական և այլ ոլորտներում հարաբերությունները տարբեր կենտրոնների հետ՝ դրուս մղելու ագրեսորին մեր ինքնիշխան հողերից»-։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին ժամը 13։00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հավաք, բողոքի ակցիա` ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ