Օրերս ՀՀ կառավարությունը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք փաստաթղթեր։ Սակայն, դժվար չէր նկատել, որ այդ փաստաթղթերն ամբողջական չեն։ Շատ փորձագետներ ու լրագրողներ մատնանշեցին համանախագահողների Քի Վեսթի առաջարկի, 2019 թ․ կարգավորման առաջարկին Հայաստանի պաշտոնական պատասխանի եւ այլ փաստաթղթերի բացակայության մասին։
Ընդհանրապես, փաստաթղթերի ընտրողաբար հրապարակայնացումն ապացույցն է այն բանի, որ հրապարակողները խնդիր են դրել ոչ թե ճշմարտությունը բացահայտել, այլ՝ իրականությունն աղավաղել այնպես, որ այն ծառայի իրենց շահերին։
Իսկ տվյալ դեպքում ո՞րն է Փաշինյանի շահը եւ ինչպես են այդ փաստաթղթերը ծառայում գործող վարչախմբին։
Կարծել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը եւ դրա շրջանակում ձեւավորված փաստաթղթերը դեռեւս ունեն իրավազորություն՝ միամտություն կլինի։ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո, որը տեղի ունեցավ երկու օր առաջ, թե՛ բանակցային գործընթացը եւ թե՛ դրան առնչվող փաստաթղթերն այլեւս պատմություն են եւ ներկայումս երկրի վարած արտաքին քաղաքականության հետ որեւէ աղերս չունեն։
Պետք է նկատել, որ այսուհետ դրանք կարող են դառնալ քաղաքականության տարր միայն ներքաղաքական գործընթացների համատեքստում։ Փաշինյանի ցուցումով այդ փաստաթղթերի հրապարակումը կոչված է ծառայել հենց այդ նպատակին։
Այդ փաստաթղթերը հետաքրքրում են Նիկոլ Փաշինյանին միայն այնքանով, որքանով կապված են նախկին իշխանությունների անվան հետ։ Հրապարակելով այդ փաստաթղթերը՝ Նիկոլ Փաշինյանը կրկին ստեղծում է մի օրակարգ, որտեղ Հայաստանի Հանրապետության վերջին տարիների կորուստների հասցեատերերը դառնում են «նախկինները»։ Եւ այդ տեսանկյունից Փաշինյանի համար բոլորովին կարեւոր չէ, թե իր աղետաբեր քաղաքականությունը որքանով կընդգծվի անցյալի այդ փաստաթղթերի շրջանառության ժամանակ։ Ըստ նրա՝ կարեւորն այն է, որ այդ փաստաթղթերում հնարավոր է գտնել ինչ-ինչ համաձայնություններ ու ձեւակերպումներ, որոնք դժգոհություններ կհարուցեն հանրության շրջանում։ Կառչելով այդ ձեւակերպումներից՝ կարելի կլինի Արցախի կորուստը Ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացով պայմանավորել ու Հայաստանի քաղաքական օրակարգում շահարկել դրա համար պատասխանատվության խնդիրը։
Այսպիսով, պետք է արձանագրել, որ հրապարակված փաստաթղթերը հետաքրքրում են Փաշինյանին միայն իր իշխանության պահպանման համատեքստում։ Նա գիտի, որ բոլոր այն իրավիճակներում, որտեղ համեմատության մեջ են դրվում «նախկիններն» ու «ներկաները», այդ երկընտրանքն աշխատում է իր օգտին։ Ավելին, նա գիտի, որ տվյալ փաստաթղթերի ոչ ամբողջական հրապարակման ու բանակցությունների առանձին դետալների հետ կապված տեղեկատվության բացակայության պայմաններում կառավարության նշված ձեռնարկումը կրկին վերածվելու է հանրության պառակտումը խորացնելու մեխանիզմի։ Մարդիկ վիճելու են մի բանի շուրջ, որի ոչ բոլոր դետալներին են ծանոթ։ Կիսաճշմարտությունները հնարավորություն են տալու շահագրգիռ կողմերին անընդհատ մանիպուլացնել մարդկանց։ Հենց դա էլ նրա հաղթանակի բանալին է դառնալու։
Ուստի, պետք է արհամարհել բոլոր այն օրակարգերը, որոնք ծառայում են «ներկաներին» ու «նախկիններին»։ Հայաստանում փոփոխությունների իրական հնարավորություններն ի հայտ են գալու միայն այն դեպքում, երբ հանրությունն արհամարհի ու չդառնա վարչախմբի ու նրա «երկվորյակ եղբոր» միջեւ ծավալվող քաղաքական օրակարգերի մասնակիցը։

