Դանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մետե Ֆրեդերիկսենը համաձայնության է եկել կառավարող կոալիցիայի ձևավորման շուրջ: Այդ մասին հայտնել է Deutsche Welle-ն:
«Մեծ գոհունակությամբ ես կարող եմ հայտնել, որ երեք շաբաթ տևած բանակցություններից հետո մենք խորհրդարանում մեծամասնություն ունենք նոր կառավարություն կազմելու համար»,- ասել է նա հունիսի 26-ին:
Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ իր կառավարությունը բաղկացած կլինի ձախ կենտրոնամետ չորս կուսակցությունից, ներառյալ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Արմատական Վենստրեն, Սոցիալիստական ժողովրդական կուսակցությունը, Միասնական ցուցակը:
«Այս չորս կուսակցությունները շատ տարբեր պատմություններ ու մոտեցումներ ունեն: Մենք չգիտեինք, թե արդյոք ամեն ինչ կստացվի, երբ սկսում էինք բանակցությունները: Բայց այժմ մենք հասանք նպատակին»,- հավելել է նա:
Մետե Ֆրեդերիկսենը 41 տարեկան է: Ինչպես նշում Է Deutsche Welle-ն, նա կդառնա ամենաերիտասարդ վարչապետը Դանիայի պատմության մեջ: Դանիայի միապալատ խորհրդարանը՝ Ֆոլկետինգը, ունի 179 տեղ, որից չորսը զբաղեցնում են Ֆարերյան կղզիների և Գրենլանդիայի ներկայացուցիչները: Այն ընտրվում է չորս տարով: