Այսօր` հոկտեմբերի 3-ին, Արցախ Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ասաց` պատերազմը համատարած է, հակառակորդն օգտագործում է պատերազմի բոլոր հնարավոր ուղղությունները:
«Այն, ինչ որ տեղի է ունենում ռազմի դաշտում, որտեղ մեր պաշտպանության բանակը, մեր կամավորները հերոսական գործողություններ են կատարում` ամեն րոպե դիմելով հերոսությունների, նույն ձևով դա կատարվում է մեր կյանքի բոլոր բնագավառներում: Պարզվում է, որ մեր հակառակորդը ոչ միայն դասեր չի քաղել 1992-94 թվականների պատերազմից, Ապրիլյան պատերազմից, այլև բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով պատրաստվել են հերթական անմարդկային գործողությունների: Բոլոր նախանշանները առկա են, որ Ադրբեջանը երկար ժամանակ պատրաստվել է լայնամասշտաբ պատերազմական գործողությունների»,-ասաց նա:
Աշոտ Ղուլյանի խոսքով` իրենք մտածում էին, որ Արցախի դեմ լինելու է միայն Ադրբեջանը և դրան համապատասխան է եղել իրենց պատրաստվածությունը:
«Պարզվում է Ադրբեջանը այդ դասերը հենց այստեղից էր քաղել, որ իր ուժերին վստահ չլինելով արդեն սկսել է ձեռնարկել և Թուրքիայի աջակցությունը, և΄ միջազգային ահաբեկչական խմբերի մասնակցությունը և փաստորեն մենք այսօր ունենք մի մեծածավալ ռազմական թատերաբեմ, որն ամեն րոպե կարող է վերածվել ոչ թե տարածաշրջանի, այլ ավելի մեծ հակամարտության: Այն, ինչ արվել է Ադրբեջանի կողմից սկսած սեպտեմբերի 27-ից, իմ խորին համոզմամբ, դուրս է մեր պատկերացրած հակամարտությունների տրամաբանությունից, որովհետև ոչ մի բանի առջև կանգ չեն առնում և Ադրբեջանը վերջին ճիգերն է գործադրում Ղարաբաղյան հակամարտությունը իր օգտին լուծելու համար: Վստահ եմ, դա չի հաջողվելու, որովհետև այսօր Արցախի շուրջ համախմբել է համայն հայությունը և բոլոր այն երկրները, որոնք լավ են պատկերացնում, թե ինչ է նշանակում տարածաշրջանային անվտանգություն»,- ասաց նա:
«Իմ կարծիքով սա տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ից հետո, երբ որոշակի փաստեր և տվալներ հայտնվել են ռուսական և ֆրանսիական ռազմաքաղաքական ղեկավարության տրամադրության տակ: Կարծես թե իրենք հասկացել են, որ այստեղ ղարաբաղի խնդիր չէ, որ այստեղ տարածաշրջանը Մերձավոր Արևելքի նման նոր անվերջ ծխացող օջախ դարձնելն է, որի մեջ էլի նույն ձևով թուրքական ձեռագիրն է: Ադրբեջանը այստեղ ընդամենը կամակատար է, որը գնալով ակնհայտ է դառնում»: