ՀՀ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ մարտի 30-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, սպորտի վարպետ Դավիթ Հարությունյանն ուժային եռամարտում Եվրոպայի ու աշխարհի ռեկորդներ է սահմանել:
Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական պետական քոլեջում կայացած Հայաստանի փաուերլիֆտինգի /ուժային եռամարտ/ առաջնության ընթացքում 65կգ քաշային կարգում Դ. Հարությունյանը ՀՀ ռեկորդ է սահմանել՝ կքանիստ վարժությունում հրելով 180կգ: Հրում վարժությունում նա հրել է 155կգ ու Եվրոպայի ռեկորդ սահմանել:
Հարությունյանն իրականացրել է նաև պոկում վարժությունը, որը բարեհաջող է ավարտել՝ պոկելով 235կգ: Այս վարժությունում էլ սահմանելով Եվրոպայի նոր ռեկորդ` նա պահանջել է լրացուցիչ 240կգ և սահմանել է աշխարհի ռեկորդ։
Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի կողմից Դավիթ Հարությունյանը պարգևատրվել է մեդալով և հավաստագրով: