Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության քննությունը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:
«Որոշումը կհրապարակվի ապրիլի 22-ին՝ ժամը 12:30-ին: Դատարանին է ներկայացվել դատաբժշկական եզրակացության օրինակը, որն այս պահին ՀՔԾ-ում քննարկման առարկա է»,- նշեց Մկրտչյանը:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին` պաշտպանն ընդգծեց, որ ԵԿՄ նախկին նախագահը շատ ծանր վիճակում է:
Մկրտչյանի խոսքով՝ նա ունի կյանքի հետ անհամատեղելի հիվանդություններ, այս պահին ստանում է 110 միավոր ինսուլին, ինչը մինչ կալանավորվելը չի ստացել: Շաքարային ցուցանիշն էլ լավագույն դեպքում 24-25 է:
«Այսօր արդեն լրացավ ուղիղ 10 ամիս, ինչ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- շեշտեց փաստաբանը: