Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ, քիչ առաջ հրապարակեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը: Վերջինս ևս դատարանում էր։
Դատարանը կրկին մերժեց փաստաբանների միջնորդությունը։ Այսպիսով Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին վերսկսվել էր Հայաստանի երկրորդ նախագահի և մյուսների գործով դատավարությունը:
Քոչարյանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել՝ կալանքից անհապաղ ազատ արձակել իրենց պաշտպանյալին՝ հիմնվելով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ին հրապարակված որոշման վրա։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը սեպտեմբերի 19-ին
վերաքննիչ բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ Ռ․ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ։
Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:
