fbpx
Իրավական

Դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով կալանքից ազատ արձակելու մասին նրա փաստաբանների միջնորդությունը, Aysor.am-ին տեղեկացրեց Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։

Նրա խոսքով, այսօր ժամը 16։00-ին դատարանը քննելու է նախաքննական մարմնի միջնորդությունը Ղազարյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգելու մասին։

Փաստաբանը դժվարացավ գնահատել դատարանի կայացրած որոշումը՝ նշելով, որ այսօր ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ։

Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Վճռաբեկ դատարանը բավարարել էր գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի որոշմանը՝ Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին և գրավի կիրառումը ճանաչել էր անթույլատրելի։

Հիշեցնենք՝ ապօրինի հարստացման և փողերի լվացման համար մեղադրվող Վաչագան Ղազարյանի նկատմամբ մեկ անգամ արդեն գրավի խափանման միջոց կիրառվել էր 1 մլրդ դրամի չափով:

Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման այսինքն՝ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները:

Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի, քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանն իր՝ 2017թ.-ի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018թ.-ի մայիսի 17-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 460.000.000 ՀՀ դրամի, 615.268.944 ՀՀ դրամին համարժեք՝ 1.272.900 ԱՄՆ դոլարի և 124.371.180 ՀՀ դրամին համարժեք՝ 218.000 եվրոյի չհայտարարագրմանը:

Բացի այդ, Ղազարյանին ու նրա կնոջը վերջերս փողերի լվացման մեղադրանք էր առաջադրվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ