fbpx
Իրավական

Դատավոր Գրիգորյանը պարզաբանել է Մարտի մեկի գործով իր ինքնաբացարկի պատճառը

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել այն պատճառով, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Ռուբեն Սահակյանը եղել է իր նախկին գործատուն և, բացի այդ, այս գործով ինքը նախկինում հանդես է եկել որպես փաստաբան։

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված է դատավորի որոշումը, որտեղ նշվում է.

«Գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզեցի, որ այս գործով մեղադրյալներից Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի շահերի պաշտպան, ի թիվս այլոց, հանդիսանում է նաև ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Սահակյանը, որը 2005 թվականից մինչև 2013 թվականը հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահը: Ես 2007 թվականից մինչև 2014 թվականը աշխատել եմ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում և ինձ հետ աշխատանքային պայմանագիրը, որպես գործատու, 2007 թվականին կնքվել է, ինչպես նաև հետագայում այդ պայմանագարի ժամկետը երկարացվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռ. Սահակյանի կողմից»:

Այնուհետև դատավորն իր որոշման մեջ մատնանշել է Հայաստանի օրենսդրությունը, որի համաձայն, սահմանվում են դատավորի ինքնաբացարկ հայտնելու հիմքերը։ Մասնավորապես, որպես ինքնաբացարկի հիմք դատավոր Գրիգորյանը նշել է, որ կարող են կասկածներ առաջանալ այս քրեական գործը իր կողմից անաչառ քննելու հարցում։

«Ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ օրինական կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից: Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր ճանապարհներով: Առաջինը` սուբյեկտիվ մոտեցումն է, որը փորձում է պարզել տվյալ դատավորի անձնական համոզմունքները քննվող գործի կապակցությամբ և երկրորդը` օբյեկտիվ մոտեցումը, որը սահմանում է, թե արդյոք դատավորի կողմից առաջարկվող երաշխիքները բավարա՞ր են այդ կապակցությամբ առաջացած ցանկացած օրինաչափ կասկած բացառելու համար:

Թեպետ իմ սուբյեկտիվ ընկալմամբ ես որևէ նախատրամադրվածություն չունեմ սույն գործի վերաբերյալ, սակայն դատավորն անաչառ պետք է լինի ոչ միայն սուբյեկտիվ, այլ նաև օբյեկտիվ տեսանկյունից, այն է` առկա լինեն բավարար երաշխիքներ, որոնք այս առումով կբացառեն որևէ իրավաչափ կասկած: Յուրաքանչյուր դատավոր, ում առնչությամբ օրինական կասկած կա, թե նա անաչառ չէ, պետք է ինքնաբացարկ հայտնի:

Դատարանները պետք է վստահություն ներշնչեն հասարակությանը, իսկ դա պետք է գնահատվի ոչ միայն դատավորի անձնական պահվածքով, այլ նաև պետք է ուշադրության արժանանա, թե արդյոք կան արժանահավատ այլ փաստեր, որոնք կարող են կասկածներ առաջացնել դատավորի անկանխակալության վերաբերյալ: Եթե դատավորն իր նախկին աշխատանքի բնույթով կարող է առնչված լինել տվյալ գործին, հասարակությունն իրավունք ունի զգուշանալ անաչառության բավարար երաշխիքների բացակայությունից:

Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիվ 62202608 քրեական գործով ես հանդիսացել եմ այդ գործով երկու մեղադրյալների պաշտպան, հանդես եմ եկել պաշտպանության կողմում, բացի այդ` գործով մեղադրյալներից Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի շահերի պաշտպան, ի թիվս այլոց, հանդիսանում է նաև ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Սահակյանը, ով նակինում տարիներ շարունակ հանդես է եկել որպես իմ գործատու, իսկ այդ հանգամանքները դատավարության մասնակիցների կամ օբյեկտիվ և անաչառ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել դատավորի անկողմնակալության և անաչառության վերաբերյալ, ըստ դրա էլ կասկածի տակ կարող է դրվել քրեական գործի ողջ դատական քննության օբյեկտիվությունը, ինչպես նաև քրեական գործի քննության շրջանակներում կայացվելիք դատական ակտերի արդարացիությունը, հետևաբար արդարադատության շահերից ելնելով գտնում եմ, որ անհրաժեշտ է հայտնել ինքնաբացարկ»,- իր որոշման մեջ նշել է Վարդան Գրիգորյանը։

Նշենք, որ Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործը, որով անցնում են նախկին բարձրաստիճան 4 պաշտոնյաներ, մայիսի 6-ին մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, որի կողմից ինքնաբացարկ հայտնելու մասին տեղեկություններ դեռևս չկան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ