fbpx
Քաղաքականություն

Դավիթ Սանասարյանը Ամուլսարի հարցով դիմել է Նիկոլ Փաշինյանին

Դավիթ Սանասարյանը, որի լիազորությունները ՊՎԾ պետի պաշտոնում ժամանակավորապես դադարեցված են, կոչով է դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված:

Սանասարյանը նախ նշել է, որ Ամուլսարի հարցն ու նախորդ հանցավոր ռեժիմների ռևանշիստական քայլերը նոր փուլ են մտնում, ապա դիմելով վարչապետին իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի վարչապետ, իմ հեղափոխական ընկեր Նիկոլ, շուրջբոլորը դավադրություններ են հյուսվում, իսկ ես ապօրինաբար մեկուսացված եմ իշխանությունից և չեմ կարող մասնակցել նախորդներին պատասխանատվության դաշտ բերելու, ապա և՝ պետականաշինության կարևոր գործընթացին, կոչս ու խնդրանքս.

Նախորդներն առանց այն էլ իրենց հանցավոր պայմանավորվածություններով Հայաստանը դարձրել են հանքաստան, իսկ հեղափոխությունը ենթադրում է հեղափոխություն նաև այս ասպարեզում։ Ուստի չպետք է մի կազմակերպության կատարած փորձաքննության վրա թույլ տալ, որ հայրենիքի ևս մի կարևոր տարածք դառնա կորսված ու վտանգավոր։ Չվախենալով շահագրգիռ մյուս կողմից հնչող միջազգային ատյաններ տանելու հաթաթաներից՝ անհրաժեշտ է ստոպ տալ այս վտանգավոր գործընթացը, կայացնել պետականամետ որոշում, ընդառաջ գնալ սեփական ժողովրդին ու դուրս գալ նախորդների լարած թակարդից»։

Ըստ Սանասարյանի՝ նախորդ իշխանությունները պետք է պատասխան տան պետության ու ժողովրդի դեմ գործած բոլոր հանցանքների համար:

Հիշեցնենք, որ օրերս Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:

https://www.facebook.com/sanasaryan/posts/10219930525631714

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ