Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նախորդ տարվա դեկտեմբերին ընդունված ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Հանգամանալից անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթաժողովի և առաջիկայում նախատեսվող բարձրաստիճան այցերի օրակարգային հարցերի շուրջ։
Անդրադարձ է կատարվել նաև «Դիմակայունություն և աճ» ծրագրի իրականացմանը։ Գոհունակությամբ նշվել է, որ նույն օրը որոշում է կայացվել ԵՄ խորհրդի կողմից՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամի ներքո Հայաստանին երկրորդ փուլով գումար տրամադրելու վերաբերյալ: Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են նաև ժողովրդավարական բարեփոխումների և դիմակայունության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Հաղորդվում է նաև, որ ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարն անդրադարձ են կատարել տարածաշրջանային Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված այլ քայլերի:

