ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունվարի 30-ին ընդունել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակաբին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերը, ինչպես նաեւ վիզաների ազատականացման գործընթացը, որի շրջանակում գործողությունների ծրագիրն արդեն պաշտոնապես հանձնվել է Հայաստանին: Հակոբ Արշակյանը նշել է, որ երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հանձնառությունը վկայում է, որ երկխոսության միջոցով հնարավոր է լուծել ցանկացած հարց:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային իրավիճակին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցող խաղաղության գործընթացին: Հակոբ Արշակյանը կարեւորել է, որ Հունգարիան աջակցում է Հայաստանի՝ ԵՄ ինտեգրման գործընթացին եւ կողմ է վիզաների ազատականացմանը: Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանը մեծապես գնահատում է Հունգարիայի՝ հումանիտար հարցերը կարգավորելու նախաձեռնությունը, ինչի արդյունքում 2021 թվականին Հայաստան վերադարձավ 5 հայ ռազմագերի:
Իշտվան Յակաբը, իր հերթին, կարեւորել է երկկողմ ջերմ եւ բարեկամական հարաբերությունները, որոնք արդյունավետ զարգանում են թե՛ խորհրդարանական, թե՛ գործադիրի մակարդակում: Նա ընդգծել է, որ խաղաղության գործընթացին այլընտրանք չկա, եւ Հունգարիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանին տարբեր ոլորտներում:
Հիշեցնենք, որ Հունգարիան այն երկիրն է, որը Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին 2012 թվականին հանձնել էր Ադրբեջանին իբրև թե հետագա պատիժն այնտեղ կրելու համար, բայց նույն օրը Իլհամ Ալիևը նրան ներում էր շնորհել, բնակարան նվիրել և կոչումը բարձրացրել՝ ութ տարվա աշխատավարձի վճարում կատարելով։ Տվյալ որոշումը հանգեցրել էր Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների խզմանը։ Դիվանագիտական հարաբերությունները վերականգնվեցին միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործուն մասնակցությամբ՝ ոտնահարելով հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը։

