Հայաստանի Բարձրագույն խմբի 21-րդ տուրում «Լոռին» սեփական հարկի տակ ընդունել էր «Արցախին»:
Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց տանտերերի 2-0 հաշվով հաղթանակով: Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին Արտյոմ Խաչատուրովի հեռահար փոխանցումից հետո բացեց Ջոնել Դեսիրեն:
60-րդ րոպեին Վահագն Մինասյանը սեփական տուգանայինում կանոնները խախտեց նույն Ջոնել Դեսիրեի նկատմամբ:
Հանդիպման գլխավոր մրցավար Արթուր Սաֆարյանը ցույց տվեց 11-մետրանոցի նշակետը: Իր վաստակած 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Դեսիրեն ու այս խաղում դուբլ ձևակերպեց:
«Արցախի» կազմում փոխարինման դուրս եկած Նորայր Գյոզալյանը 2 դրվագում մոտ էր աչքի ընկնելուն, սակայն հրաշալի էր գործում «Լոռիի» դարպասապահ Արսեն Սիուակևը:
Այս հաղթանակից հետո «Լոռին» վաստակեց 29 միավոր և շարունակում է մնալ 5-րդ հորիզոնականում: Ջոնել Դեսիրեն ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով հավասարվեց «Արարատ-Արմենիայի» նախկին հարձակվող Իվայլո Դիմիտրովին (10): Ընթացիկ մրցաշրջանում սա հայիթցի ֆուտբոլիստի 6-րդ գոլն էր «Արցախի» հետ խաղերում:
Հաղորդում է armsport.am-ը։
