ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին և Հայաստանում ԱՄՆ զարգացման ծրագրի գործակալության ղեկավար Դևիդ Հոֆմանին:
Ողջունելով դեսպանին՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ընդունումից հետո ստեղծված իրավիճակը և ընդգծել՝ ռազմագերիների և գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրն առաջնային կարևորություն ունի հայկական կողմի համար:
Խորհրդարանի խոսնակը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգներն առավել ակտիվորեն կներգրավվի այս խնդրի շուտափույթ կարգավորման գործում:
Միրզոյանը նաև ընդգծել է, որ արցախյան հիմնախնդիրը չի կարելի կարգավորված համարել, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ հիմնված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա:
Դեսպան Թրեյսին իր հերթին նշել է, որ ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին:
ԱՄՆ ԶԾ ղեկավար Դևիդ Հոֆմանը Ազգային ժողովի նախագահին ներկայացրել է գործակալության ծրագրերը տարբեր ոլորտներում՝ անդրադարձ կատարելով խորհրդարանի աշխատանքներին և խորհրդարանի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին:
Կողմերը զրույցի ընթացքում քննարկեցին հայ-ամերիկյան ընդհանուր օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք ընդգծեցին Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման կարևորությունը:
