fbpx
Քաղաքականություն

Դեսպան Սարգսյանի հանդիպումը Բուլղարիայի խորհրդարանի մշակույթի և առողջապահության հանձնաժողովի նախագահի հետ

Ապրիլի 2-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում դեսպան Արմեն Սարգսյանը հյուրընկալեց Բուլղարիայի խորհրդարանի մշակույթի և առողջապահության հանձնաժողովի նախագահ Վեժդի Ռաշիդովին (Vezhdi Rashidov)՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ, աղետի հետևանքների վերացման և Հայաստանին ցուցաբերած հումանիտար և ֆինանսական օգնության համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պատվոգրով նրան պարգևատրելու առիթով:

Ողջունելով հյուրին՝ Բուլղարիայում ՀՀ դեսպանը նշեց, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում Վեժդի Ռաշիդովի՝ Հայաստանի նկատմամբ ունեցած հարգանքն ու սերը, հիշում է երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված վերջինիս կողմից իրականացված մարդասիրական գործունեությունը և կարևորում է հումանիտար և մշակութային ոլորտներում հայ-բուլղարական համագործակցության խթանմանն ուղղված նրա շարունակական ջանքերը:

Նշենք, որ Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժի մասին Վեժդի Ռաշիդովը տեղեկացել էր օդանավակայանում՝ արտասահմանյան մի շարք երկրներ ուղևորվելու ժամանակ, ուր կազմակերպվել էին իր՝ որպես հայտնի քանդակագործ և իր գործընկերոջ՝ տաղանդավոր բուլղար գեղանկարիչ Գեորգի Տրիֆոնովի գործերի ցուցահանդեսները: Լսելով այդ ծանր գույժը՝ ընկերները որոշում են ցուցահանդեսներից գոյացած ողջ հասույթը՝ շուրջ 60 հազար ԱՄՆ դոլարը, փոխանցել Հայաստան՝ երկրաշարժից տուժածների կարիքները հոգալու համար: Որոշ ժամանակ անց մարդասիական նոր առաքելությամբ Ռաշիդովն այցելում է աղետի գոտի:

Իր խոսքում դեսպան Արմեն Սարգսյանը շեշտեց, որ հայ ժողովուրդը երախտապարտ է Բուլղարիայի ժողովրդին և կառավարությանը, ինչպես նաև՝ բուլղարահայ համայնքին, բազմաթիվ անհատներին, ում միջոցներով Հայաստան էին առաքվել առաջին անհրաժեշտության իրեր, դեղորայք, բազմաթիվ այլ ապրանքներ:

ՀՀ դեսպանն անդրադարձավ Վեժդի Ռաշիդովի՝ որպես ԲՀ մշակույթի նախկին նախարարի գործունեությանը, Հայաստան կատարած այցերին: Նշեց, որ մշակույթի բնագավառում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած իր մեծ ավանդի համար Վեժդի Ռաշիդովը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

Վեժդի Ռաշիդովն իր շնորհակալությունը հայտնեց ՀՀ կառավարությանը և հայ ժողովրդին՝ պատմական հիշողությունը վառ պահելու և իր ներդրումը գնահատելու համար: Նա որոշ դրվագներ ներկայացրեց աղետի գոտի կատարած իր անմոռանալի այցելություններից՝ նշելով, որ չնայած տեղի ունեցած մեծ արհավիրքին և Ադրբեջանի շրջափակման հետևանքով ստեղծված բարդ տնտեսական իրավիճակին, հայ ժողովուրդը կարողացավ դրսևորել կամք և տոկունություն, ինչը, ըստ Վեժդի Ռաշիդովի, անհնար է նկարագրել բառերով:

Հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կյանքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ