fbpx
Քաղաքականություն

Դեսպան Սմբատյանը հանդիպել է Հայաստանում Գերմանական տնտեսական միության անդամների հետ

Հայաստանում Գերմանական տնտեսական միության (Deutsche Wirtschafts Verband, DWV) կողմից կազմակերպված բիզնես-հանդիպմանը Միության նախագահության հրավերով ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Երևանում հանդես եկավ զեկույցով:

Բացման խոսքով հանդես եկան նաև վարչական խորհրդի նախագահ Հասնի Կոսեյանը (Hasni Kosejian) և գործադիր տնօրեն Դիթմար Շթիլը (Dietmar Stiel): Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԳԴՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Կլաուս Վենդելբերգերը (Klaus Wendelberger):

Դեսպանն անդրադարձավ հայ-գերմանական դինամիկ զարգացող քաղաքական, տնտեսական հարաբերություններին, մասնավորապես, 2018թ. այդ ոլորտում գրանցված աճին, ինչպես նաև հակիրճ ներկայացրեց հայ-գերմանական գիտակրթական մշակութային հարաբերությունները:

Աշոտ Սմբատյանն անդրադարձ կատարեց նաև Թավշյա հեղափոխությունից հետո երկրում ընթացող քաղաքական և տնտեսական բարեփոխումների ֆոնին Գերմանիայում Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճին՝ կարևորելով հատկապես ՏՏ, գյուղատնտեսության, գիտակրթական ոլորտները և ընդգծելով զբոսաշրջության ոլորտում կտրուկ աճը:

Հանդիպմանը, որին մասնակցում էին DWV մի շարք խոշոր անդամ ընկերությունների ներկայացուցիչները, քննարկվեցին առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործնական ուղիները, անդրադարձ կատարվեց փոխշահավետ համագործակցությանը ամենատարբեր ոլորտներում:

Զեկույցից հետո դեսպանը պատասխանեց մասնակիցների բազմաթիվ հարցերին:

Տեղեկանք. Հայաստանում գերմանական տնտեսական միության նպատակն է երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև բիզնես և տնտեսական կապերի հաստատումն ու խորացումը, գերմանական շուկայում հայաստանյան ընկերությունների ներկայացվածության ընդլայնումը: Այն միավորում է ավելի քան յոթ տասնյակ հայկական և գերմանական ընկերություններ: Անդամների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով. https://bit.ly/2IXsTvQ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ