Հունվարի 5-ին Ֆրանսիայում վերսկսել են «դեղին բաճկոնների» բողոքի նոր ակցիաները. ցուցարարները կրկին փողոցներ են դուրս եկել՝ սկսելով երկրի նախագահ Էմանուել Մակրոնի վարած տնտեսական քաղաքականության դեմ ուղղված բողոքի «8-րդ ալիքը»:
Ինչպես հայտնում է france24.com-ը, ցուցարարները փողոց են դուրս եկել ոչ միայն Փարիզում, այլև մյուս խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Բորդոյում և Թուլուզում:
Շարժման ղեկավարները ցուցարարներին կոչ են արել փողոցներ դուրս գալ առանց արդեն խորհրդանշական դարձած դեղին բաճկոնների, որպեսզի ավելի քիչ ուշադրություն գրավեն:
Նշվում է, որ Փարիզի իշխանությունները հայտարարել են, որ, ի տարբերություն նախորդ շաբաթների, այսօրվա ցույցերի ընթացքում ջրցան մեքենաներ ու զրահապատ մեքենաներ չեն կիրառվի:
Պարբերականը նկատում է, որ այս տարվա ցույցերը կարող են ավելի թեժ լինել:
Հիշեցնենք, որ «դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից: Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը: Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ՝ երկրի տարբեր հատվածներից: