Փետրվարի 18-ին Շարլոտում կայանալու է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) All-Star Game-ը, որը մեկնարկելու է Երևանի ժամանակով 05:00-ին:
NBA-ի աստղերի հանդիպմանը նախորդել են ավանդական մրցույթները:
«Բոստոն Սելտիկսից» Ջեյսոն Տեյտումը հաղթել է վարպետության մրցույթում: Եզրափակչում Տեյտումն առավելության է հասել «Ատլանտա Հոուկսից» Տրեյ Յանգի նկատմամբ՝ կենտրոնից կատարելով 3-միավորանոց նետում:
Այս մրցույթին մասնակցել են նաև «Մեմֆիս Գրիզլիզի» խաղարկող Մայք Կոնլին, «Դալաս Մավերիկսի» պաշտպան Լուկա Դոնչիչը, «Սակրամենտո Կինգզի» խաղարկող Դեարոն Ֆոկսը, «Դենվեր Նագետսի» կենտրոնական Նիկոլա Յոկիչը, «Լոս Անջելես Լեյկերսից» Կայլ Կուզման և «Օրլանդո Մեջիկից» Նիկոլա Վուչևիչը:
Նշենք, որ անցյալ տարի վարպետության մրցույթում հաղթել էր «Բրուկլին Նետսից» Սպենսեր Դինվիդին:
«Բրուկլին Նետսի» բասկետբոլիստ Ջո Հարիսը հաղթել է 3-միավորանոց նետումների մրցույթում: Վճռորոշ դիմակայությունում Հարիսը վաստակել է 26 միավոր և գերազանցել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորզից» Սթիվեն Կարին, որը վաստակել է 24 միավոր:
Մրցույթին մասնակցել են նաև Դևին Բուկերը («Ֆինիկս Սանզ»), Սետ Կարին («Պորտլենդ Տրեյլ Բլեյզերս»), Դենի Գրինը («Տորոնտո Ռեպտորս»), Բադի Հիլդը («Սակրամենտո Կինգզ»), Դեմյեն Լիլարդը («Պորտլենդ Տրեյլ Բլեյզերս»), Քրիս Միդլտոնը («Միլուոկի Բակս»), Դիրկ Նովիցկին («Դալաս Մավերիկս») և Կեմբա Ուոկերը («Շարլոտ Հորնետս»):
All-Star Game-ի երրորդ՝ վերևից նետումների (slam dunk) մրցույթում հաղթել է «Օկլահոմա Սիթի Տանդերի» պաշտպան Համիդու Դիալոն: Նետումների վճռորոշ շարքում նա հաղթել է «Նյու Յորք Նիկսի» խաղարկող Դենիս Սմիթ կրտսերին: Ուշագրավ է, որ Դիալոն իր նետումներից մեկը կատարել է լեգենդար բասկետբոլիստ Շաքիլ Օ՛Նիլի վրայով:
Մրցույթին մասնակցել են նաև «Ատլանտա Հոուկսից» Ջոն Կոլինզը և «Շարլոտ Հորնետսից» Մայլզ Բրիջեսը:
Անցյալ տարի այս մրցույթում հաղթանակ էր տոնել «Յուտա Ջազից» Դոնովան Միտչելը, որը եզրափակչում առավելության էր հասել «Կլիվլենդ Կավալյերսից» Լարի Նենս կրտսերի նկատմամբ:
Հաղորդում է armsport.am-ը։