Սեպտեմբերի 4-ին Ստամբուլի 14-րդ ծանր գործերով քրեական դատարանում կայացել է պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը։ Այս մասին գրում է bianet.org-ը:
Նիստի ընթացքում վկայի կարգավիճակով ցուցմունք է տվել Ստամբուլի նախկին նահանգապետի օգնական Էրգուն Գյունգյորը, որը մանրամասներ է հաղորդել 2004թ. փետրվարի 24-ին Ստամբուլի նահանգապետարանում Հրանտ Դինքի հետ հանդիպումից, որը կայացել էր Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (ԱՀԿ) պահանջով:
«Թուրքիայի ԱՀԿ-ի շրջանային ղեկավարի օգնական Օզեր Յըլմազը և ԱՀԿ աշխատակից Հանդան Սելչուքը, ինձ մոտ գալով, ասացին, որ ցանկանում են հանդիպում տեղի ունենա Հրանտ Դինքի հետ: Ասացին, որ ցանկանում են, որ տեղի ունենա իմ սենյակում, քանի որ ես էի պատասխանատու անվտանգության և փոքրամասնությունների համար: Զանգահարեցի նահանգապետ Գյուլերին, որն իր համաձայնությունը տվեց, և հանդիպումը կայացավ: ԱՀԿ աշխատակիցների ներկայությամբ զանգահարեցի Դինքին և ասացի, որ ցանկանում եմ տեսնել իր հրապարակած նյութի տեղեկություններն ու փաստերը և զրուցել: Հաջորդ օրը հանդիպեցինք: ԱՀԿ-ականները ցանկացան, որ նրանց որպես իմ ազգական ներկայացնեմ, որպես ազգական ներկայացրի»,-պատմել է Էրգուն Գյունգյորը:
Ըստ նրա՝ հանդիպման ժամանակ ինքը և ԱՀԿ աշխատակից Օզերը զգուշացրել են Հրանտ Դինքին, որ Սաբիհա Գյոքչենի վերաբերյալ նյութը վրդովմունք կարող է առաջացնել և թիրախ դարձնել հայկական կազմակերպությունները (ըստ այդ նյութի՝ Թուրքիայում որպես Աթաթուրքի հոգեժառանգ և առաջին թուրք կին օդաչու Սաբիհա Գյոքչենը թուրքացված հայ է): Նա հավելել է, որ հանդիպման ավարտին Հրանտ Դինքը թողել է իր մոտ առկա փաստաթղթերը, որոնք վերցրել են ԱՀԿ աշխատակիցները: Ստամբուլի նախկին նահանգապետի օգնականը նշել է, որ դեպքի պատասխանատուն նախկին նահանգապետն է, և որ ինքը պարզապես նահանգապետի ստորագրելու բեռն է թեթևացրել:
Հիշեցնենք, որ դատական նիստեր են նախատեսված նաև սեպտեմբերի 5-ին և 6-ին: Նիստերին հետևում է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը:
Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է ավելի քան 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: