Ապրիլի 22-ին խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, անդրադառնալով Հայաստանում մի խումբ մարդկանց կողմից Մարիխուանայի միջազգային օրը նշելուն, ասաց.
«Իմ սկզբունքն այն է, որ իմ ազգականների հայտնած մտքերը չեմ ցանկանում նույնականացնել, նրանք ազատ են իրենց ցանկացած որոշումը կայացնելու: Ես այդ թեմայից չեզոք և հեռու եմ: Մեր ընտանիքը մեծ է, մաման այլ տեսակետ ունի, էն մեկն՝ այլ: Ոչ միայն այդ հարցով, նաև քաղաքական հայացքներով»:
Հարցին, թե ինքը երբևէ օգտագործե՞լ է մարիխուանա, պատգամավորը բացասական պատասխան տվեց:
Հարցին` ի՞նչ կարծիքի է մարիխուանայի օգտագործումն օրինականացնելու մասին, պատգամավորն ասաց, որ տարբեր երկրներում տարբեր իրավիճակ է՝ տեղեր կան, օգտագործում են բացահայտ, իսկ որոշ տեղերում էլ մահապատիժ է սպառնում:
Պատգամավորը նշել է, որ այդ հարցը պետք է խորը ուսումնասիրել, ճիշտ պատասխան պետք է տրվի:
«ԱՄՆ-ում, օրինակ` իմ ընկերները շատ են օգտագործում մարիխուանա, այնտեղ ընդունելի է։ Բայց ես, օրինակ` դիսոնանս կզգամ, եթե իմանամ, որ իմ երեխան դրան մոտեցել է», – ասաց նա:
Հիշեցնենք՝ անցած շաբաթ օրը մայրաքաղաքում նշվել է Մարիխուանայի միջազգային օրը, և Նիկոլայ Բաղդասարյանի հարազատ եղբայրը՝ Ալեքսանդր Բաղդասարյանը, ակցիայի ակտիվիստներից մեկն է եղել: