Ուկրաինայի Գերագույն ռադան մինչև 2020 թվականի վերջը երկարաձգել է «Դոնբասի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում ինքնակառավարման հատուկ կարգի մասին» օրենքը: Որոշման օգտին քվեարկել է ուկրաինական խորհրդարանի 320 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի պարագայում։
Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի դրա հրապարակման օրվանից:
«Ժողովրդի ծառա» խմբակցությունը, դեկտեմբերի 12-ին մեկնաբանելով օրենքի երկարաձգման անհրաժեշտությունը, հայտարարել է, որ դրա ընդունումը նշանակում է Դոնբասի խնդրի խաղաղ լուծման հանձնառություն, ինչը նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն ցուցադրել է «նորմանդական քառյակի» հանդիպման ժամանակ:
«Դոնբասի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում ինքնակառավարման հատուկ կարգի մասին» օրենքը գոյություն ունի 2014 թվականի հոկտեմբերի 18-ից. ավելի վաղ այն արդեն քանիցս երկարացվել է: Փաստաթուղթը նախատեսում է, որ հատուկ կարգավիճակի մասին դրույթներն ուժի մեջ կմտնեն Դոնբասի՝ Կիևի կողմից չվերահսկվող տարածքներում ժողովրդավարական ընտրությունների անցկացումից և զորքերի դուրսբերումից հետո: Մինսկի համաձայնագրերի համաձայն, Ուկրաինայում պետք է անցկացվի սահմանադրական բարեփոխում՝ հիմնական օրենքում մշտական հիման վրա Դոնբասի ինքնակառավարման հատուկ կարգավիճակի ամրագրմամբ: