Դպրոցում ձևավորվում ենք որպես անհատ, որպես քաղաքացի. Հայկ Մարությանը շնորհավորել է շրջանավարտներին

Ամենադիտվածներ

Քաղաքային նոր իշխանությունները գետնանցումների բոլոր սեփականատերերին զգուշացրել են , որ պետք է կատարել պարտավորությունները

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի կապակցությամբ.

«Սիրելի շրջանավարտներ,
դպրոցական զանգի վերջին ղողանջն ազդարարում է սերնդափոխության շղթայի հերթական ցիկլի ավարտն ու հաջորդի մեկնարկը: Դպրոցը շտեմարան է, որը մեզ է փոխանցում մարդկության կուտակած մտավոր բարիքի հիմնային ու հիմնական պաշարը: Բացի գիտելիքից ու գնահատականից, դպրոցում վաստակում ենք առաջին ընկերներին, համախոհներին ու առաջին մրցակիցներին, ձեռք ենք բերում հանրության մեջ մեր տեղը գտնելու, դրսեւորվելու հմտություններ ու ունակություններ: Դպրոցում ձևավորվում ենք որպես անհատ, որպես քաղաքացի: Սա պակաս կարևոր չէ, քան բուն գիտելիքը:

Ցանկանում եմ, որ մեր ներկա սերնդի՝ դպրոցում կերտված ինքնությունը արտահայտվի քաղաքացիական գործուն դիրքորոշմամբ ու պատասխանատվությամբ՝ ի շահ մեր քաղաքի ու մեր հայրենիքի, հանուն ազգային ավանդույթների պահպանման, համամարդկային արժեքների հետ հաղորդակցման, առաջադեմ ու օրինապահ հասարակության կերտման:

Սիրելի՛ շրջանավարտներ,
կյանքի բոլոր շրջադարձերում առաջնորդվե՛ք արժանապատիվ ապրելու այն սկզբունքներով, որ սերմանել են Ձեր ուսուցիչները: Հիշեք՝ հայ ենք, հայաստանցի, հետևաբար՝ ազնիվ ենք, աշխատասեր ու օրինապաշտ:

Շնորհավորում եմ մեր մանկավարժներին ու շնորհակալություն հայտնում իրենց բարդ ու պատասխանատու աշխատանքի համար:

Շնորհավորում եմ նաև Ձեր ծնողներին: Թող իրականություն դառնան Ձեզ հետ կապված նրանց բոլոր երազանքները:

Բարի երթ Ձեզ»:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ