fbpx
Կրթություն

Հանդիպման առանցքում՝ ԿԳՆ-ի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի միջև համագործակցության հարցերը

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն մայիսի 23-ին հանդիպել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի քաղաքական երկխոսություն տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրափելի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԳՆ-ի և հիմադրամի միջև համագործակցության շարունակականության և ընդլայնման հարցերը:

Արևիկ Անափիոսյանը նշել է, որ հանրակրթության ոլորտի այն բարեփոխումների իրականացումը, որ նախաձեռնել է ԿԳՆ-ն, բավականին ընդգրկուն, ծավալուն և մանրամասն աշխատանք պահանջող գործընթաց է. «Եթե կլինեն գործընկերներ, որոնք պատրաստ են ինչ-որ չափով նախարարության հետ կիսել այդ ծանր բեռը, մենք միայն ուրախ կլինենք համագործակցության համար»,-նշել է նախարարի տեղակալը՝ տեղեկացնելով, որ նախարարությունը հայտարարել է հանրակրթության պետական չափորոշչի վերանայման նպատակով փորձագետների ընտրության մրցույթ, ինչպես նաև առարկայական չափորոշիչների և ծրագրերի լրամշակման նպատակով մասնագետների հայտերի ընդունելություն՝ ձևավորվող աշխատանքային խմբերում ընդգրկվելու նպատակով: Փոխնախարարի խոսքով՝ առարկայական չափորոշիչներ մշակող աշխատանքային խմբերից զատ կլինեն նաև լայն խորհրդատվական խմբեր, որի համատեքստում տարբեր առարկաների համար կառանձնացվեն մասնագետներ և կազմակերպություններ: «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցչին հետաքրքել է բարեփոխումների իրականացման ժամանակացույցը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել դրանց իրականացման աշխատանքներին:

Նշենք, որ ԿԳՆ-ի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի միջև 2017 թվականին կնքված հուշագրի համաձայն՝ նախարարության կողմից ընտրված երեք ավագ դպրոցներում փորձարկվել են 11-րդ դասարանի «Հասարակագիտություն» առարկայի իրավագիտության և քաղաքագիտության բաղադրիչների համար մշակված դասերը: Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի համապատասխան որակավորում ունեցող մասնագետներն ապահովել են դասավանդման գործընթացի կազմակերպումը, դասախոսությունների և հրատարակվող նյութերի մասնագիտական որակը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ