fbpx
Իրավական

Հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալը հրապարակավ նվաստացրել է զինվորին՝ հասցնելով ինքնասպանության. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ն առերևույթ կատարել է հրապարակավ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ՝ համածառայակիցների ներկայությամբ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հիշեցնելով, որ 2023թ․ օգոստոսի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գրանիկ Խնկոյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ գտնվելով ընկճված հոգեվիճակում՝ Գրանիկ Խնկոյանը 2023թ․ օգոստոսի 11-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում իրեն ամրակցված ինքնաձիգով արձակել է կրակահերթ և ինքն իրեն պատճառել հրազենային մահացու վնասվածքներ, ինչի հետևանքով տեղում մահացել է:

Օգոստոսի 15-ին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Թ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից հրամանատարի (պետի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և նրան ներկայացվել է մեղադրանք:

Ա․Թ․-ն ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար։

Միջնորդություն է ներկայացվել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին, որը դատարանի կողմից բավարարվել է մասնակի և Ա.Թ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 11-ին հրազենային մահացու վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ