fbpx
Կրթություն

Դուալ ծրագրերի ներկայացում՝ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում տեղի է ունեցել «Արևային էներգիայի համակարգերի շահագործում և սպասարկում» և «Ռոբոտատեխնիկա» դուալ կարճաժամկետ դասընթացների ներկայացումը: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը: Նրա խոսքով՝ «Արևային էներգիայի համակարգերի շահագործում և սպասարկում» և «Ռոբոտատեխնիկա» դուալ կարճաժամկետ դասընթացները ներդրվել են ժամանակակից տեխնոլոգիական միտումներին համապատասխան՝ ՄԿՈՒ ոլորտի մասնագիտությունների ցանկն արդիականացնելու նպատակով: «Դուալ համակարգի կենտրոնում գտնվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման հայեցակարգը: Այս առումով դուալ ուսուցման ներդրումը հանդիսանում է կրթության որակի բարձրացմանն ուղղված ամենաարդյունավետ քայլերից մեկը և համարվում կրթական բարեփոխումների հիմնական ուղղություն»,- նշել է նա:

Ներկաներին ողջունել են նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչ, կրտսեր մասնագետ Կարմեն Գրլիցան և «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի Հայաստանի պատասխանատու Անուշ Կոստանյանը (Սեյվ դը չիլդրեն Հայաստան):

Միջոցառման շրջանակում փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի, «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ՓԲԸ-ի, Ինստիգեյթ դիզայնի, «Ֆրիներջի» ՍՊԸ-ի, Էներգիայի կայուն զարգացման հիմնադրամի և «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի միջև:

Միջոցառման ավարտին հավաստագրեր են շնորհվել «Արևային էներգիայի համակարգերի շահագործում և սպասարկում» դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողներին, ներկայացվել է Սեյվ դը չիլդրեն Հայաստանի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ քոլեջում բացված ռոբոտաշինության լաբորատորիան:

Նշենք, որ քոլեջում դուալ դասընթացները փորձարկվել են Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի և մասնավոր հատվածի կազմակերպությունների համագործակցության շրջանակում՝ ԳՄՀԸ աջակցությամբ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ