fbpx
Մշակույթ

Նախարար Դումանյանը հանդիպել է երաժշտահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող համերգային կազմակերպությունների տնօրենների և գեղարվեստական ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, հայտնում են ՀՀ ԿԳՄԱՆ պաշտոնական կայքից։

Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ հանդիպման նպատակը ճանաչողական բնույթ ունի՝ ծանոթանալու երաժշտարվեստի ոլորտի պատասխանատուների հետ:

«Ինձ համար հաճելի է վայելել ոչ միայն ձեր արվեստը, այլև ձեզ հետ վարել գործնական զրույցներ, վեր հանել ոլորտում առկա խնդիրներն ու քննարկել դրանց լուծման ուղիները: Գիտեմ՝ խնդիրները քիչ չեն, սակայն վստահ եմ, որ համատեղելով բոլորիս ջանքերը՝ ժամանակի ընթացքում կունենանք լուծումներ: Եվ ես ակնկալում եմ ձեր՝ արհեստավարժ մասնագետներիդ աջակցությունն առկա դժվարությունները միասին հաղթահարելու գործում: Հատկանշական է, որ համավարակի պայմաններում և պատերազմից հետո հասարակության շրջանում առկա է անկումային տրամադրություն, սակայն մենք կոտրվելու իրավունք չունենք, և այս առումով հոգևոր-մշակութային գործունեությունը բուժիչ առաքելություն ունի: Գտնենք մեր ժողովրդին դրական և լուսավոր լիցքեր հաղորդելու լավագույն ձևերը, միջոցները»,- ընդգծել է նախարար Վ. Դումանյանը և այդ նպատակին հասնելու համար ցանկացած ուղիներ գտնելու պատրաստակամություն հայտնել:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ ինչպես թատերական, այնպես էլ համերգային կազմակերպությունների ղեկավարները համավարակի և պատերազմական դրության պայմաններում լուրջ աշխատանքներ և գործուն ջանքեր են ներդրել, որպեսզի կազմակերպությունների գործունեությունը չընդհատվի: Նա մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել գործընկերներին քաղաքացիական բարձր գիտակցության և արհեստավարժության համար:

Այնուհետև Արա Խզմալյանը նախարարին տեղեկացրել է համերգային կառույցներում, մասնավորապես՝ Երգի պետական թատրոնում, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, կապիտալ նորոգումների, տեխնիկական հագեցվածության, երաժշտական գործիքների ձեռքբերման, ինչպես նաև «Արամ Խաչատրյան» համերգասրահում բարեփոխումների, նոր ծրագրերի մասին: Կարևորելով իրականացված աշխատանքները՝ Վ. Դումանյանը վստահեցրել է, որ առաջիկայում կայցելի համերգային կազմակերպություններ՝ տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին:

Համերգային կառույցների ղեկավարները հակիրճ ներկայացրել են իրենց առաջարկները՝ միտված ոլորտի բարեփոխումներին, և տեղեկացրել առաջիկա ծրագրերի մասին:

«Նախատեսված համերգային ծրագրերն անհրաժեշտ է իրականացնել նաև մարզերում, սահմանամերձ համայնքներում և Արցախում»,- կարևորելով մշակույթի ապակենտրոնացման և մարզերում ու Արցախում կրթամշակութային կյանքի ակտիվացման անհրաժեշտությունը՝ նշել է նախարար Վ. Դումանյանը:

Նախարարը նաև հավելել է՝ այս տարին բաբաջանյանական ու միրզոյանական է, և հայ մեծանուն կոմպոզիտորների հոբելյանների պատշաճ նշման նպատակով կստեղծվեն կառավարական հանձնաժողովներ:

Հանդիպման ավարտին նախարարը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ առկա դժվարությունները միասնական ջանքերով լուծելու ուղղությամբ և ներկաներին շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ