Աշխատանքային այցով ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում էին ՌԴ Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցներ բժիշկ-թոքախտաբան Վերա Զիմինան և ինստիտուտի գենետիկ պոլիմորֆիզնմերի հայտնաբերման նոր մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար Կոնստանտին Միրոնովը:
Այցի շրջանակում քննարկվել է համատեղ իրականացվող գիտահետազոտական աշխատանքների կազմակերպչական և գիտագործնական հարցերը, որոնք ուղղված են ՄԻԱՎ վարակով պացիենտների մոտ տուբերկուլոզի զարգացման վտանգի բժշկակենսաբանական (ներառյալ` մոլեկուլյար-գենետիկ) և սոցիալ-ժողովրդագրական գործոնների համալիր վերլուծությանը` կանխարգելիչ միջոցառումները բարելավելու նպատակով:
Հյուրերը շրջել են ՁԻԱՀ-ի կենտրոնում, ծանոթացել տրամադրվող ծառայություններին և իրականացվող աշխատանքներին: Կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ բարձրացվել են հետազոտության ուղեցույցի հետ կապված հարցեր: Միաժամանակ, անցկացվել է սեմինար-քննարկում «Թոքային ախտահարումները ՄԻԱՎ վարակով պացիենտների շրջանում» թեմայով, որի ժամանակ մասնագետներն անդրադարձել են ՄԻԱՎ վարակով պացիենտների մոտ թոքային ախտահարումների ախտորոշման կլինիկական դրսևորումների ու առանձնահատկությունների, տարբերակիչ ախտորոշման և բուժման գործնական հարցերին:
Եռօրյա այցի ավարտին հյուրերը հանդիպել են ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանի հետ, ամփոփել կատարված աշխատանքները, ուրվագծել հետագա անելիքները: ՌԴ մասնագետների գնահատմամբ` կենտրոնի ներուժը, տեխնիկական հագեցվածությունն ու լաբորատոր ախտորոշման բաժնի հնարավորությունները կնպաստեն գիտահետազոտական աշխատանքի արդյունավետ իրականացմանը: Միաժամանակ, հաշվի առնելով կենտրոնի ժամանակակից ենթակառուցվածքները և նյութատեխնիկական բազան, քննարկվել է գիտահետազոտական աշխատանքին զուգահեռ Մոսկվայի գիտահետազոտական ինստիտուտում և ՁԻԱՀ-ի կենտրոնում լաբորատոր հետազոտությունների իրականացման հնարավորությունը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարության պաշտոնական կայքից: