fbpx
Տնտեսություն

Ձկան օրինական որս ենք թույլ տալու․ Էրիկ Գրիգորյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը վստահեցնում է, որ մինչև տարեվերջ օրենսդրական փաթեթ կընդունվի, որով կհստակեցվի ձկան որսը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, թե սիգը ապօրինի կերպով շարունակում են վաճառել, մինչդեռ հեղափոխություն է եղել, և այն չի ազդել այդ ոլորտի վրա։

«Սիգի հետ կապված խնդիրները խրոնիկ են, մարդիկ, որոնք աշխատում էին, մեծ մասն աշխատում է, մի մասն էլ քրեական գործերով անցնում էր, տեսուչները հարաբերությունների մեջ էին մտել ձկնագողերի հետ»,- ասաց Էրիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ օրենսդրական փաթեթում կանոկարգվելու է ձկան որսի հարցը։

«Մենք օրինական ձկան որս ենք թույլ տալու, դրան զուգահեռ Հարկային օրենսգրքում փոփոխություններ ենք կատարում, որպեսզի ձուկ վաճառելու սանկցիա կիրառվի։ Խոսքն այն մասին է, որ բնօգտագործման վճարի օբյեկտ հանդիսացող ամեն ինչը պետք է ունենա թուղթ, պետք է փաստաթղթավորված լինի, դա կվերաբերի սիգին, ծառին, քարին, ավազին, ամեն ինչին։ Հույս ունենք, ամբողջն ավարտելուց հետո, այս տարվա մեջ սիգի հարցը նույնպես կլուծվի։ Եթե կտեսնեք, որ սիգ վաճառվում է, դա կլինի օրինական, թույլտվություն ստացած, բնօգտագործման վճարը վճարած, ձկնորսի կողմից որսված ձուկ։ Իհարկե, ավելի թանկ կլինի, դա բնական է, որովհետև բնական էկոհամակարգում բնական կերով հարուստ ձուկը չի կարող էժան լինել բուծված ձկից»,- ասաց Շրջակա միջավայրի նախարարը։

Հաջորդ հարցը Ամուլսարի հանքի շահագործմանն էր վերաբերում։ Ըստ նախարարի ՝ Ամուլսարի հանքի շահագործումն այս պահին Շրջակա միջավայրի նախարարությանն առնչվող հարց չէ։

«Մենք տեսել ենք խնդիրներ, որոնք ուղարկել են այն քրեական գործը քննող վարույթ, որ տեսնեն՝ արդյոք կազմակերպությունը կեղծ տվյալնե՞ր է ներկայացրել, թե՞ ոչ։ Այն գործողությունները, որոնք մենք պետք է անեինք՝ ջրերի ազդեցության մոնիթորինգ, տվյալները ճի՞շտ են, թե՞ սխալ, դրանք ընթացիկ իրականացվում են»,- ասաց նախարարը։

Հարցին, թե քրեական գործի շրջանակում ինքը հրավիրվե՞լ է Քննչական կոմիտե, նախարարն ասաց՝ ոչ։

Գրում է A1plus-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ