Իրավական

E-draft հարթակում նախատեսվում են փոփոխություններ հանրային քննարկումների բարելավման համար

ՀՀ կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել E-draft հարթակում հանրային քննարկումների կազմակերպման կարգում՝ գործընթացն ավելի թափանցիկ և հասանելի դարձնելու նպատակով։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի և նախագծերի միասնական հարթակում՝ հանրային մասնակցությունը խթանելու համար։

Նախատեսվող փոփոխությունները ներառում են մի շարք կարևոր դրույթներ․ E-draft հարթակում տեղադրվող նախագծերի դեպքում կցվելու են դրանց առնչվող այլ նախագծերի հղումները՝ ընթերցողին տալով ավելի ամբողջական պատկերացում։ Հանրային քննարկում իրականացնող մարմինները պարտավորվելու են մշտապես թարմացնել նախագծերի կարգավիճակն ու պատասխանատու անձանց տվյալները։

Բացի այդ, որոշ օրինագծեր կհրապարակվեն դեռ մշակման փուլում, ինչը թույլ կտա հասարակությանը ներգրավվել օրենսդրական գործընթացում ավելի վաղ։ Ֆիզիկական և իրավաբանական անձինք կկարողանան գրանցվել E-draft հարթակում, ներկայացնել առաջարկներ ինչպես ամբողջ նախագծերի, այնպես էլ առանձին դրույթների վերաբերյալ։

Օգտատերերին կտրվի հնարավորություն «հավանել» կամ «չհավանել» իրենց առաջարկների վերաբերյալ ստացված պատասխանները, իսկ առավել ակտիվ մասնակիցները կստանան միավորներ, որոնք կարտացոլվեն աստղային գնահատման տեսքով։ Նախագծերի հեղինակները պարտավոր կլինեն պատասխանել միասնական հարթակում մնացած անպատասխան առաջարկներին՝ ստանալով ադմինիստրատորի հիշեցումները։

Այս փոփոխությունները միտված են օրենսդրական գործընթացն ավելի ժողովրդավար դարձնելուն՝ ապահովելով հանրային ավելի ակտիվ մասնակցություն օրինաստեղծ գործունեությանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ