fbpx
Հասարակություն

Եթե որևէ մեկը մեր թիմից ապօրինություն է գործել, պետք է պատասխանատվություն կրի․ Էդուարդ Աղաջանյանը` Սանասարյանի գործի մասին

Էդուարդ Աղաջանյանը մայիսի 2-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն լուրերին, թե ինքը հավակնում է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնին, ասաց, որ այն բացարձակ սուտ է և որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։

«Նման հարց չի քննարկվում և չի կարող քննարկվել։ Նման քննարկման որևէ հիմք չկա»,–նշեց նա։

Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ ինքը շարունակելու է պաշտոնավարել որպես վարչապետի աշխատակազմի ղեկավար։

Նա պնդեց, որ մամուլում բազմաբովանդակ տեղեկություններ են պտտվում, որոնք հիմնականում ուղղորդված են․ «Կոնկրետ լրատվամիջոցներ կոնկրետ պատվեր են կատարում, սա հստակ է։ Չեմ կարող ասել՝ որտեղից է ուղղորդվում, բայց հստակ ձեռագիրը երևում է»։

Նա նաև հերքեց մամուլի այն տեղեկությունները, որ ինքն է միջնորդել, որ ՊՎԾ պետի ժ/պ Արգիշտի Քյարմյանին նշանակեն ՊՎԾ պետի պաշտոնակատար, Աղաջանյանի խոսքով՝ մինչև վերջերս ընդհանրապես չի էլ ճանաչել նրան։

Ըստ Աղաջանյանի՝ իրականությանը չեն համապատասխանում նաև տեղեկությունները, թե իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները լարված են.

«Կարծում եմ՝ պետք է մեխանիզմներ մշակվեն, որպեսզի այդ տեղեկատվական տարափը որևէ կերպ ֆիլտրվի, քանի որ միայն այն հանգամանքը, որ նման ֆոն է ստեղծվում, զրոյից ստեղծված օրակարգ է հրամցվում հանրությանը, արդեն խնդիր է։ Ես ոչ ներգրավված եմ ՊՎԾ–ում նշանակումների գործընթացում, ոչ հավակնում եմ ՊՎԾ պետի պաշտոնին, ոչ վարչապետի հետ իմ հարաբերությունները լարված են, դրանք բացարձակ սուտ են»,- հավելեց Աղաջանյանը։

Անդրադառնալով Դավիթ Սանասարյանի գործին` վարչապետի աշխատակազմի ղեկավարը ասաց․

«Հաշվի առնելով, որ գործը նախաքննական փուլում է, այս փուլում տեսակետ հայտնելը սխալ կլինի: Պետք է բոլորս սպասենք գործի ավարտին և, ըստ այդմ, հետևություններ անենք: Եթե որևէ մեկն ապօրինություն է գործել, ապա միանշանակ է, որ պետք է պատասխանատվության ենթարկվի: Ձևակերպումների մասով պետք բոլորս զգույշ լինենք: Անկախ ընկերական հարաբերություններից, եթե որևէ մեկը մեր թիմից ապօրինություն է գործել, պետք է օրենքի ամբողջ ուժով պատասխանատվություն կրի»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Նրա խոսքով՝ այս հարցում ՔՊ-ում առկա է կոնսենսուս:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ